Կարեւոր չէ, թե ինչպես է Հայաստանի առաջին նախագահը հիմնավորել նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը, կարեւոր է, որ նա չի առաջադրվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսում նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն արել է գլխավոր հայտարարությունը, որ մտադիր չէ առաջադրվել նախագահական ընտրություններում: Այդ նախադասությունը լրիվ բավարար է, մնացածը կարեւոր չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ նախորդ ընտրություններում միշտ գործող նախագահին եղել է արժանի այլընտրանքային թեկնածու, բայց ներկայումս մեր քաղաքական իրականության մեջ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա: «գոյություն չունի թեկնածու, որին ժողովուրդը ցանկանար տեսնել գործող նախագահի փոխարեն»,-ամփոփեց նա:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























