Նոյեմբերի 16-ին Անկարայից Երեւան քայլերթ սկսած Քալենդեր Բայրամլըն բարկացել է Ադրբեջանի պաշտոնյաների վրա եւ քայլերթը Կարսում դադարեցրել:

Ծագումով ադրբեջանցի Քալենդեր Բայրամլըն ցանկանում էր իր խոսքով ուշադրություն հրավիրել այսպես կոչված «Խոջալուի սպանդի» վրա, 20 կգ կշռող պայուսակով օրեկան 30 կմ ճանապարհ էր անցնում, նոյեմբերի 16-ին Անկարայից սկսել էր իր քայլերթը եւ դեկտեմբերի 21-ին հասել է Կարս:

Մոտ 1100 կմ ճանապարհ անցնելով՝ Կարս հասած Քալենդեր Բայրամլըն ցանկություն է հայտնել հանդիպել Կարսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոս Այհան Սուլեյմանովի հետ, ով իրեն չի ընդունել: Անկարայում դեսպանության, այնուհետեւ Կարսում Գլխավոր հյուպատոսության կողմից իրեն անուշադրության մատնելու պատճառով Քալենդեր Բայրամլըն դադարեցրել է իր քայլերթը եւ Անկարա վերադառնալու որոշում կայացրել:

«Կարսում Գլխավոր հյուպատոսի՝ ինձ հետ հանդիպել չցանկանալը ինձ եւ՛ տխրեցրեց, եւ՛ նյարդայնացրեց: Դեկտեմբերի 22-ին քայլերթս դադարեցնելով՝ ես Անկարա վերադարձա: Դեկտեմբերի 28-ին Անկարայի Քըզըլայ հրապարակում իմ կողմից կազմակերպվելիք մամլո ասուլիսում ես կբողոքեմ դեսպանի եւ հյուպատոսի դեմ, այնուհետեւ՝ Կարսում իմ թողած տեղից կշարունակեմ քայլերթս: Կարսից Վրաստան կանցնեմ, այնտեղից էլ՝ եթե ընդունեն ցանկանում եմ Հայաստան գնալ: Եթե ինձ թույլ չտան մուտք գործել Հայաստան, կխոսեմ Վրաստան-Հայաստան սահմանին»: