Երկրում ստեղծված իրավիճակը փոխելու Սերժ Սարգսյանի կտրուկ քայլերից է կախված, թե դեմոկրատական կուսակցությունը ինչ սկզբունք կորդեգրի նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը եւ ավելացրեց, որ հասարակությունը պահանջատեր լինի:
Նա միաժաամանակ ավելացրեց, որ իրենք հավանաբար իրենց հստակ դիրքորշումը կհայտնեն հունվարի 20-ից հետո: Նրա խոսքով, նախագահի հիմնական մրցակիցը կարող էր լինել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ընտրապայքարի մեջ չմտավ: «Իսկ ՀԱԿ կոչվածը բավականին կորցրել էր իր հեղինակությունը: Ամենասկզբունքային ՀՀՇ-ականներից բացի , ովքեր որպես կուռք են վերաբերում իրենց առաջնորդին, էլ ոչ ոք նրանց չէր հավատում»,- նշեց Արամ Սարգսյանը: Խոսելով Բագրատյանի մասին` Արամ Սարգսյանն ասաց, որ բոլորն էլ հիշում են, թե նա 90-ականներին ինչեր է արել: Արամ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Պարույր Հայրիկյանին էլ շատ հարգում է, բայց չի կարծում, որ այս համակարգի պայմաններում կարող են հաղթել: Նա էպոսագետին եւ մյուս թեկնածուներին չանդրադարձավ` առաջարկելով լուրջ բաներից խոսել: «Այս ժամանակաշրջանը թող ավարտվի Սերժ Սարգսյանի կառավարմամբ»,- ավելացրեց Արամ Սարգսյանը:





























