Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է անվտանգության պարիսպ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով եւ հայտնել, որ սահմանի սիրիական կողմն արդեն վերահսկում են արմատական իսլամիստական խմբավորումները:

Նեթանյահուի խոսքով, Գոլանի բարձունքներում պարիսպը կկառուցվի նույն նախագծով, ինչ 230 կմ-անոց բաժանարար համակարգը, որն իսրայելցիները կառուցել են Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով՝ այդկերպ փակելով գրոհայինների եւ աֆրիկացի ապօրինի ներգաղթյալների մուտքը:

«Եգիպտոսի հետ սահմանին անվտանգության պարիսպը Իսրայելի պատմության մեջ ամենախոշոր շինարարական նախագծերից էր: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ աշխատող շինարարները զբաղվեն նաեւ այլ, հատկապես Սիրիայի հետ սահմանի ամրացմամբ: Մենք մտադիր ենք գոլանի բարձունքների երկայնքով նմանատիպ պարիստ կառուցել: Մենք գիտենք, որ սահմանի այն կողմում Սիրիայի բանակը նահանջել է եւ նրա տեղը զբաղեցրել են գլոբալ ջիհադի ուժերը»,-ասել է Նեթանյահուն կառավարության կիրակնօրյա նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: