Թուրքական Գազիայնթապ քաղաքում պաշտոնական Անկարայի կողմից տարածաշրջանում արեւմտյան ծրագրերի իրագործմանն աջակցելու դեմ ցույց է անցկացվել, որը կազմակերպել էր «Սաադեթ» կուսակցությունը:

Չնայած ցրտին եւ անձրեւին, ցույցի հազարավոր մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիայի հակասիրիական դիրքորոշման, Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի ծրագրերի, դրա հետ կապված՝ թուրքական հողում ամերիկյան ՀՀՊ համակարգեր տեղակայելու առնչությամբ:

«Սաադեթ» կուսակցության նախագահ Մուսթաֆա Քամալաքը հայտնել է, որ թուրքական տարածքում «Patriot» հրթիռների տեղակայումը «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի իրագործման հերթական քայլը կդառնա, որը Արեւմուտքը մշակել է Թուրքիայի գործող վարչապետի մասնակցությամբ: «Թուրք ժողովրդին շարունակում են պատերազմի դրդել,  դեպի անդունդ են տանում», - ասել է «Սաադեթ» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Նամալ Քարամօղլուն՝ երկրի քաղաքացիներին զգոնության եւ կատարվող դեպքերի իրական վտանգը գիտակցելու կոչ անելով: 

Հարկ է նշել, որ թուրքական հենց այդ քաղաքը կդառնա ՆԱՏՕ-ի հրթիռային համալիրների տեղակայման վայրերից մեկը, հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը: