Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանի զորամասերից մեկի դեմ հունվարի 7-ի երեկոյան PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների խումբն անակնկալ հարձակում է գործել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մոտ 100 զինյալներից բաղկացած խմբի անդամները տարբեր զինատեսակներից գնդակոծել են թուրքական զորամասը եւ փորձել գրավել այն՝ մտնելով զորամասի տարածք։

Թուրք զինվորականներն անմիջապես պատասխան կրակ են բացել։ Բախումը տեւել է մոտ 4 ժամ, որից հետո քուրդ զինյալները հեռացել են։ 

Բախման հետեւանքով սպանվել է մեկ թուրք զինվորական եւ վիրավորվել են մի քանիսը։ Քուրդ զինյալները զորամասը գրոհելու ժամանակ եւս սպանվածներ տվել։

Նշվում է, թե քուրդ զինյալները Թուրքիայի տարածք էին մտել Հյուսիսային Իրաքի Զափի շրջանից։