Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վրայից հանել է երկու մեղադրանքներ՝ փողերի լվացում եւ ծառայողական լիազորությունների չարաշահում: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության անօրինական եկամուտների օրինականացման դեմ քրեական հետապնդման դեպարտամենտի ղեկավար Թեմուր Միկաբերիձեն:

Նրա ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է այն դրվագներին, ըստ որոնց, նախարար եղած ժամանակ Օքրուաշվիլին տենդերների ժամանակ նախընտրությունը տվել է կոնկրետ ընկերությունների, որոնք հետագայում շինարարության ընթացքում մի քանի տասնյակ լարիի հասնող գումարներ են յուրացրել:

Քննությունը պարզել է, որ այդ պայմանագրերը կնքել է ՊՆ գնումների դեպարտամենտի այն ժամանակվա ղեկավար Յասոն Ճիխլաձեն, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, իսկ Օքրուաշվիլիի մեղքն ապացուցող փաստեր չկան, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Միկբերիձեն հայտնել է նաեւ, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը հունվարի 10-ին Թվիլիսիի վերաքննիչ դատարանում կհրաժարվի Օքրուաշվիլիի նկատմամբ մեղադրանքներից, որոնցով նա 2008-ին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: