Լիբիայի խորհրդարանը այս տարվա առաջին նիստում հաստատել է պետության նոր անվանումը. Մուամար Քադաֆիի օրոք կիրառվող «Մեծ Ջամահիրիայի» փոխարեն Լիբիան կանվանվի Լիբիայի Պետություն:

«Լիբիայի Պետություն» անվանումը ժամանակավոր կկիրառվի՝ մինչեւ Սահմանադրության ընդունումը: 

Ըստ  «Կոմերսանտի» պատմական ակնարկի` 1951թ. դեկտեմբերի 24-ին անկախություն ձեռք բերելուց հետո Լիբիան կրում էր Լիբիայի Միացյալ Թագավորություն անվանումը: 1969թ. սեպտեմբերի 1-ի հեղափոխությունից հետո պետությունը վերանվանվել էր Լիբիայի Արաբական Հանրապետություն:  Լիբիայի Արաբական Ժողովրդական Սոցիալիստական Ջամահիրիա  (Մեծ Ջամահիրիա, «ջամահիրիա» նշանակում է «ժողովրդական զանգվածների պետություն») անվանումը գործածվել է 1977թ.-ից, երբ գնդապետ Մուամար Քադաֆին հրապարակել էր  «Սեբհայի հռչակագիրը»:

Այդ փաստաթղթով Ղուրանը սահմանվել էր որպես օրենսդրության աղբյուր եւ ժողովրդավարության սկզբունք: Երկրում վերացվել էին կառավարությունը, քաղաքական կուսակցությունները, խորհրդարանը, նախագահի պաշտոնը եւ  ներմուծվել էր «ժողովրդական ուղղակի կառավարման» համակարգ: Լիբիայում Սահմանդրությանը փոխարինել էր  Քադաֆիի «Կանաչ գիրքը», որը  սահմանում էր երկրի քաղաքական կառուցվածքը: 

Մուամար Քադաֆիի վարչակարգը Լիբիայում տապալվել էր 2011թ. օգոստոսին` ՆԱՏՕ-ի աջակցությամբ: