ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ Մահմուդ Աբասը եւ Խալեդ Մաշաալը Եգիպտոսի միջնորդությամբ Կահիրեում բանակցություններ են վարել, որոնց ընթացքում պայմանավորվել են հաշտության հասնելու «անհապաղ միջոցներ» ձեռնարկել:

Եգիպտոսի նախագահական գրասենյակի ներկայացուցիչ Յասիր Ալին հայտնել է, որ համաձայնագրի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Աբասի գլխավորած ՖԱԹՀ շարժման առաջնորդներից Ազաամ ալ Ահմեդը  «Մաան» գործակալությանը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են վերսկսել 2011-ի մայիսին Կահիրեում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը «այն կետից, որտեղից դադարեցրել էին»: Մասնավորապես, խմբակցությունները մտադիր են վերականգնել Գազայի հատվածում ընտրական հանձնաժողովի աշխատանքը եւ ազգային միասնության կառավարման հարցով խորհրդակցությունները: Առաջիկա շաբաթվա ընթացքում շարժման ներկայացուցիչները համատեղ հանձնաժողովի նիստ կանցկացնեն՝ պայմանագրի իրագործման մեխանիզմներ մշակելու համար, իսկ հաջորդ ամսվա սկզբին կսկսեն քննարկել Պաղեստինի ազատագրման կազմակերպության բարեփոխման հետ կապված հարցեր, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համասցիների կողմից Գազայի հատվածի ուժային գրավումից հետո պաղեստինյան ինքնավարությունը երկու մասի էր բաժանվել՝ ափամերձ անկլավ՝ իսլամիստների ղեկավարության ներքո եւ Հորդանան գետի Արեւմտյան  ափ՝ համաշխարհային հանրության կարծիքով օրինական հատված՝ Աբասի գլխավորությամբ: Այդ ժամանակվանից հակամարտող խմբակցությունների հարաբերությունները լարված էին, իսկ նրանց հաշտեցնելու վերջին տարիների փորձերն ապարդյուն էին անցել: