Սիրիայի ազգային առաջադիմական ճակատը, որում ընդգրկված է նաեւ իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը (ԱՍՎԿ), հայտարարել է, որ երկրում ճգնաժամը կարգավորելու քաղաքական ծրագիրը երկրի փրկության, ազատության, միասնականության եւ տարածաշրջանում ունեցած դերի պահպանման միակ ճանապարհն է:

Իրենց հայտարարությունում ճակատում ընդգրկված կուսակցությունները առաջադիմական բոլոր ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ միասին ազգային այդ ծրագիրը կյանքի կոչելու պատրաստակամություն են հայտնել՝ նոր Սիրիա ստեղծելու նպատակով, որպեսզի այն նախկինից ավելի հզորանա, անվտանգություն եւ կայունություն տիրի, որպեսզի այն շարունակի դիմակայել եւ հասնի դրված նպատակներին, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:

Ճակատը հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամը կարգավորելու քաղաքական ծրագիրը, որն առաջարկել է նախագահ Բաշար Ասադը, արտացոլում է Սիրիայի ժողովրդի կարիքներն ու ցանկությունները: Այդ համակողմանի ծրագրում շարադրված է իրավիճակը Սիրիայում, ինչպես նաեւ, տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում: Դրանում մերկացվում են Սիրիային թշնամի դավադիրների գործողությունները եւ երախտիքի խոսքեր են ասվում իսկական բարեկամներին, որոնք ժողովրդին պաշտպանում են ահաբեկչությունից:

Ծրագրի նպատակները, համոզված են Ճակատում ընդգրկված կուսակցությունները, երկրի ապագան բազմակուսակցականության հիմքով կառուցելն է, Հայրենիքի եւ դրա բնակիչների անվտանգության կարգախոսով սոցիալ-քաղաքական հետագա զարգացման նախադրյալներ ստեղծելը, ահաբեկիչների դեմ պայքարը: Ճակատը յուրաքանչյուր ազնիվ մարդու կոչ է անում նպաստել Հայրենիքի շահերից բխող ծրագիրը կյանքի կոչելուն՝ նշելով, որ իրենց ընդդիմություն անվանողների եւ նրանց սատարողների արձագանքը վկայում է վերջիններիս թուլության եւ ծրագրերի ձախողման մասին:

Հիշեցնենք, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունվարի  6-ին ժողովրդին ուղղված հայտարարություն էր տարածել, որում ներկայացրել էր ճգնաժամի կարգավորման իր ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է միջազգային  եւ տարածաշրջանային բոլոր ուժերի կողմից ահաբեկիչներին աջակցության դադարեցում, ընդդիմության գրոհայինների կողմից բռնության դադարեցումից հետո բանակի հակաահաբեկչական գործողությունների դադարեցում, Ազգային երկխոսության կոնֆերանսին նախապատրաստություն: Երկրորդ փուլը պետք է ներառի Ազգային երկխոսության կոնֆերանսի գումարումը՝ Ազգային խարտիա ընդունելու նպատակով, որը հիմնված կլինի հետեւյալ սկզբունքների վրա.

ա) ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ քաղաքացիների անվտանգություն,

բ) միջամտության եւ ներխուժման բոլոր ձեւերի մերժում,

գ) բռնության եւ ահաբեկչության բոլոր դրսեւորումների մերժում,

դ) Սիրիայի քաղաքական ապագայի կանխորոշում:

Խարտիայի ընդունումից հետո հանրաքվեով կձեւավորվի նոր կառավարություն՝գործադիր մեծ լիազորություններով, որը կներկայացնի հանրության բոլոր խավերը: Այն կմշակի եւ հանրաքվեի կդնի Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը, որի հիմքով կկայանան խորհրդարանական ընտրություններ: Կարգավորման եզրափակիչ փուլը, ըստ Ասադի ծրագրի, ենթադրում է նոր Սահմանադրության հիմքով նոր կառավարության ձեւավորում, Ազգային հաշտեցման կոնֆերանսի գումարում, համաներում, ենթակառույցների  վերականգնման եւ քաղաքացիներին փոխհատուցման վճարների գործընթացի վերականգնում:

Նշենք, Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանն ամբողջապես կողմ են Ասադի ծրագրին: Արեւմուտքի երկրները, որոնք բացահայտ պաշտպանում են ընդդիմությանը, շարունակում են պահանջել Ասադի հրաժարականը: