Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հունվարի 10-ին զրոյացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի 2008թ. մարտի 28-ի վճիռը, որով Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: 

«Նովոստի Գռուզիան» հաղորդում է, որ չնայած վերաքննիչ դատարանի որոշմանը,  Իրակլի Օքրուաշվիլին շարունակում է բանտարկված մնալ, քանի որ 2011թ. հունիսի 30-ի այլ գործով նա հեռակա կարգով նախնական կալանքի էր ենթարկվել:  2011թ. մայիսին արդեն Ֆրանսիայում ապրող Օքրուաշվիլին մեղադրվել էր Վրաստանում զինված խմբավորում ստեղծելու մեջ: 

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով Օքրուաշվիլիին դատապարտել էր 11 տարվա ազատազրկման՝ «կաշառակերության համար»: Հունվարի 8-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ մտադիր է հանել այդ գործով Օքրուաշվիլիի դեմ մեղադրանքները, քանի որ մեղադրող կողմի միակ վկա  Դմիտրի Կիտոշվիլին հրաժարվել էր իր  ցուցմունքներից:   

Վրաստանի նախագահի նախկին համախոհ Իրակլի Օքրուաշվիլին կամավոր Վրաստան էր վերադարձել Ֆրանսիայից  2012թ. նոյեմբերի 20-ին եւ ձերբակալվել հենց մայրաքաղաքի օդանավակայանում: Ներկայումս վրացական դատարաններում վերանայվում են Օքրուաշվիլիի դեմ հարուցված մի քանի գործեր: