Թուրքական հայտնի Taraf պարբերականի լրագրող Քուրթուլուշ Թայիզն իր «Կոնֆերանսով հրաժեշտ զենքին» հրապարակման մեջ մանրամասնել է վերջին շրջանում մամուլում շրջանառվող Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) եւ Իմրալը կղզու բանտում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի միջեւ գաղտնի պայմանավորվածությունների մանրամասները։

Taraf-ի լրագրողը նշում է, թե քրդական հարցի կարգավորմանն ուղղված MIT-ի եւ Օջալանի միջեւ պայմանավորվածությունը ներառում է 3 փուլ, ըստ որի, առաջին փուլում՝ 2013-ի մայիսին PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինադադար է հայտարարում եւ հեռանում Թուրքիայի սահմաններից։ Այդ ընթացքում թուրքական իշխանությունները կանգնեցնելու են ռազմական գործողությունները քուրդ զինյալների դեմ, արագացնելու են ժողովրդավարական բարեփոխումները, ապահովելու են KCK-ի  (Քուրդիստանի համայնքների միություն. Համարվում է PKK-ի քաղաքացիական թեւ) գործով ձերբակալված այն մեղադրյալների ազատման գործընթացը, ովքեր ներքաշված չեն զինված գործողություններում, տուն վերադառնալ ցանկացող քուրդ զինյալների համար իրավական հավելված է պատրաստվելու։

Պայմանավորվածության 2-րդ փուլում թուրքական իշխանությունները պետք է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) հետ համատեղ իրականացնեն նոր Սահմանադրության կազմելու աշխատանքները։ Խորհրդարանում ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի նախկինում քուրդ գործիչների  եւ գործարարների դեմ իրականացված սերիական սպանությունների բացահայտման գործով։ Կյանքի են կոչվելու այնպիսի իրավական կարգավորումներ, որոնց շնորհիվ PKK-ն հնարավորություն է ունենալու օրինական քաղաքականության մեջ մտնել։ Այդ զարգացումներին համատեքստում PKK-ն ամենաուշը հուլիսին կոնֆերանս է կազմակերպելու, որտեղ որոշում է կայացվելու վերջ դնել զինված պայքարին։ Կոնֆերանսի ժամանակ կներկայացվի Աբդուլլահ Օջալանի կազմած «Պատմական հռչակագիրը», որում ներկայացված կլինեն աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծություններ եւ թուրք-քրդական հարաբերությունների վերանայմանը նվիրված նոր տեսություն։ Քրդական ապստամբությունը բարձրացրած եւ այժմ KCK-ի հիմքը հանդիսացող PKK-ն վերանալու է։

Վերջին՝ 3-րդ փուլում, կիրականանա «խաղաղության» գործընթացները։ Այդ փուլում քրդական ապստամբությանը վերջակետ կդրվի, եւ զենքերը ցած դրած զինյալները կվերադառնան իրենց տներ։

 

Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում