Թբիլիսիի քաղաքային դատարանը հունվարի 10-ի նիստում որոշել է 2011թ. զինված խմբավորում  ստեղծելու մեջ մեղադրվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նախնական կալանքը փոխարինել 10 հազար լարի գրավով (6 հազար դոլար), սակայն նա շարունակում է մնալ բանտում:

Դատարանը փոխել է խափանման միջոցը, քանի որ  ինը վկաներից ութը հունվարի 9-ի նիստում հայտարարել էին, որ 2011թ. նախկին նախարարին մեղադրող ցուցմունքները ճնշման տակ են տրվել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Դատարանը որոշել է 10 հազար լարի գրավի դիմաց ազատել նաեւ 2011թ. գործի մեկ այլ մասնակցի՝ Իոսեբ Գիգուաշվիլիին: Սակայն, ի տարբերություն Գիգուաշվիլիի, Օքրուաշվիլիի վիճակն ավելի բարդ է:  Նա նախնական կալանքի է դատապարտված եւս մեկ գործով՝  Mevel Corporation ընկերության միջոցով անորակ զինամթերքի ձեռքբերում: Այդ գործի դատավարությունը կսկվի ուրբաթ օրը՝ հունվարի 11-ին: