Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին կարող են խառը լինել գործարար կառույցները: Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում այսօր՝ փետրվարի 5-ին, նման կարծիք է հայտնել Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլոժիայի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

Ռուս քաղաքագետի խոսքով՝ Հայրիկյանի մահափորձը իշխանություններին ձեռնտու չէր, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն առանց այն էլ հաղթում է:

Սակայն, հենց այլընտրանքի բացակայությունն է Արեւմուտքի մոտ հարցեր հարուցում:  «Իշխանություններին ձեռնտու չէ: Ընտրություններին չմասնակցող ընդդիմադիրներին եւ քաղաքական ուժերին՝ նույնպես», - նշել  է քաղաքագետը՝ հավելելով, որ դա բնավ չի բացառում, որ տեղի ունեցածի թիկունքում բիզնեսն է: 

Ընդ որում, այն գործարար կառույցները, որոնք այլ թեկնածուի օգտին էին խաղադրույք կատարել: Ըստ Սկակովի՝ դրանք կարող էին լինել ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը բոլորի համար ընդունելի է, բայց դա չի նշանակում, որ միշտ այդպես կլինի: Միեւնույն ժամանակ քաղաքագետը հիշեցրել է, որ գալիք ընտրությունների վերաբերյալ Արեւմուտքի քննադատությունը սկսվել էր նախքան Հայրիկյանի մահափորձը, երբ պարզ էր դարձել, որ Սարգսյանն այլընտրանք չունեցող առաջատար է: 

Այնուամենայնիվ, Ալեքսանդր Սկակովը նշել է, որ եթե քարոզարշավի ընթացքում այլ խնդիրներ չծագեն, ընտրությունները կճանաչվեն լեգիտիմ: