Անկարայի ընտանեկան գործերով 11-րդ դատարանը որոշում է կայացրել ստացած կովի դիմաց հարազատ աղջկան ամուսնության դրդած հոր նկատմամբ՝ նրան բուժման ուղարկելով եւ արգելելով շփվել աղջկա հետ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի Ամասիա նահանգի Քորքութ գյուղի բնակիչ Ալի Օ.-ն իր աղջկա ձեռքը խնդրել ցանկացող Օ.-ից պահանջել է կով, որի դիմաց նրան թույլ կտա ամուսնանալ իր աղջկա հետ։ Փեսացուն համաձայնվել է պայմանի հետ եւ մի կով տվել աղջկա հորը:

Սակայն տանը խնդիր է առաջանում, քանի որ աղջիկը՝ Գյուլեր Օ.-ն հրաժարվել է ամուսնանալ Օ.-ի հետ։ Հայրը սկսել է ճնշել աղջկան՝ նրան դրդելով ամուսնանալ կովը տված տղայի հետ։ Աղջիկը տնից փախել է եւ պատսպարվել է հարազատներից մեկի տանը, սակայն հայրը կրկին հանգիստ չի տվել՝ ասելով. «Ես խոսք եմ տվել նրան, կով եմ վերցրել, դու ստիպված ես նրա հետ ամուսնանալ»։

Աղջիկն էլ դիմել է դատարան։ Դատական գործընթացի վերջում դատարանը վճիռ է կայացրել՝ արգելելով հորը՝ մոտենալ կամ հեռախոսազրույց ունենալ աղջկա հետ, ինչպես նաեւ պարտադրել նրան՝ բուժման համար դիմել որեւէ բուժհաստատություն։