Ավելի քան 600 տարի առաջ աշխարհով մեկ սփռված հայերի հանգրվաններից մեկը դարձավ Լեհաստանը։ Սակայն արդյո՞ք ներկայումս Լեհաստանում ապրող հայերից շատերը գիտեն այդ երկրի հայկական համայնքի հարուստ անցյալի մասին։ Մինչդեռ այն սկիզբ է առնում դեռևս 13-րդ դարից,- գրում է Ռուսաստանի հայկական համայնքի «Երկրամաս» թերթը։
Լեհաստան հայերն առավել ինտենսիվորեն սկսել են տեղափոխվել Հայաստանի մայրաքաղաք Անիի կործանումից հետո։ Նրանց դերը միջին դարերում Լեհաստանի քաղաքական կյանքում և, հատկապես, առևտրում, բարձր է գնահատել լեհ թագավոր Կազիմեժ Մեծը (1333-1370), որը թույլ է տվել հայերին կառուցել աշխարհիկ ու հոգևոր բազմաթիվ շինություններ, ձեռք բերել առևտրի տներ ու կալվածքներ։
1356 թվականին նա թույլ է տվել Լվովի ու Կամենեց-Պոդոլսկի հայերին ունենալ իրենց ազգային օրենսդրությունը, իսկ 1367 թվականին պաշտոնական կարգավիճակ տրամադրել հայկական արքեպիսկոպոսարանին։ 16-րդ դարի սկզբին Լվովում հաշվվում էր հայկական ավելի քան 1000 տուն։ 16-17-րդ դարերում հայերին բավական բարյացակամորեն էին վերաբերվում և՜ լեհ իշխանները, և՜ մագնատները, որոնք իրենց քաղաքներում առևտուրն ու արհեստները զարգացնելու համար հրավիրում էին հայերի այլ վայրերից։ Մայրաքաղաքներում (Լվով, Կամենեց-Պոդոլսկ) և այլուր միջին դարերում կային հայկական թաղամասեր և Հայկական գլխավոր փողոց, որը սովորաբար գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ սկիզբ առնելով հենց գլխավոր հրապարակից։
Լեհական քաղաքներում կաթոլիկ ոճի շինությունների հարևանությամբ գտնվում էին և հայերին պատկանող շինությունները, իրենց ավանդական ոճով էապես աչքի ընկնող հայկական տաճարներն ու եկեղեցիները (միայն Կամենեց-Պոդոլսկում կար հայկական 12 եկեղեցի), ինչպես նաև առևտրի տները, խանութները և աշխարհիկ այլ կառույցներ։ Հայերը զբաղվում էին մի շարք արհեստներով (ոսկերչություն, գորգագործություն, ջուլհակություն, կաշեգործություն, զինագործություն), որոնցում նրանք իրենց հավասարը չունեին։
Լեհաստանի հայերին էր պատկանում նաև գինիների արտադրության, դերձակության և շատ այլ ոլորտների մենաշնորհը։ Իսկ Լեհաստանի հայ վաճառականները հաջող կերպով արտահանում էին լեհական ապրանքները ոչ միայն եվրոպական երկրներ, այլև Հեռավոր ու Մերձավոր Արևելք. նրանց էր պատկանում նաև Արևելքից Լեհաստան ներկրվող ապրանքների պատրաստման ու պահեստավորման մենաշնորհը։
Լեհաստանի հայերը դարձան Արևելքում լեհական դիվանագիտության պիոներները։ Արևելյան լեզուներին ու սովորույթներին տիրապետող հայերը դիվանագիտական առաքելություններով բազմաթիվ անգամ եղել են Օսմանյան Կայսրությունում, Ղրիմում, Իրանում՝ ներկայացնելով լեհական թագավորների շահերը, դաշինք կնքել արևելյան տիրակալների հետ։ Ուշ միջնադարում, երբ Լեհաստանը պարբերաբար թշնամական հարձակումների էր ենթարկվում արևելքից ու արևմուտքից, մի քանի հազար զինվորներից բաղկացած հայկական զորքը մասնակցում էր երկրի պաշտպանությանը, հայերը նաև զենք ու զինամթերք էին մատակարարում լեհական զորքին, մասնակցում սահմանների ամրացմանը։
17-րդ դարում, մի քանի դար խաղաղ գոյակցելուց հետո, Լեհաստանի Հայ առաքելական եկեղեցին հակասության մեջ մտավ հռոմեական և լեհական կաթոլիկ եկեղեցիների հետ։ Ի վերջո, 1699 թվականին Լեհաստանի հայերին պարտադրվեց ընդունել կաթոլիկություն։ Մյուս կողմից, հայերի ձուլմանը նպաստում էր նաև Լեհաստանի անկախության կորուստը։ Ռուսաստանի կայսրության սահմանների մեջ հայտնված հայկական գաղութներն արագորեն վերացան։ Լեհական հայերի նոր սերունդներն այլևս չէին տիրապետում հայերեն լեզվին, նրանց գրանցում էին լեհական ազգանուններով։ Դրանք, ի դեպ, կազմված են աստվածաշնչյան ու հայկական անուններից և «օվիչ» վերջավորությունից (Աբգարովիչ, Ներսեսովիչ, Աբրամովիչ և այլն)։
Լեհաստանի հայերը հետք են թողել նաև միջնադարյան գրականությունում։ Այստեղ կարելի է հիշատակել Վերածննդի դարաշրջանի մանրավիպագիր Մինաս Թոխատեցուն։ Իսկ 18-19-րդ դարերում լեհական մշակութային կյանքում մեծ դեր էին կատարում հայկական համայնքի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են լուսավորիչ Գժեգոժ Պիրամովիչը (Փիրումյան), բանաստեղծներ Շիմոն Շիմոնովիչը և Զիմորովիչ եղբայրները, մորական կողմից հայ, կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն, գրող Կաետան Աբգարովիչը, նկարիչ Բոգուշին, երաժիշտ Կարլ Միկուլին (Պստիկյան) և շատ այլոք։
19-րդ դարում Լեհաստանի հայրենասիրական տրամադրություններով լցված հայ գործիչները պայքարում էին ձուլման ենթարկված հայերի մոտ ազգային ինքնագիտակցության զգացում առաջացնելու համար, դպրոցներ հիմնում, հրատարակում հայկական գաղութի պատմությունը։
20-րդ դարում, ԽՍՀՄ-ին արևելյան Լեհաստանի միանալուց և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Լեհաստանի հայերի ձուլման միտումն աճեց։ Այնուամենայնիվ, հայկական ազգանուններով շատ լեհեր պահպանում են իրենց հայկական ինքնագիտակցությունը։
2003 թվականի տվյալներով, 15-20 հազար լեհեր ընդունում են իրենց հայկական ծագումը։ Նրանց 90%-ն ունի բարձրագույն կրթություն։ Բացի լեհական հին հայերից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լեհաստանում բնակություն են հաստատել ավելի քան 100 հազար նոր սերնդի հայեր։ Արդեն իսկ ձևավորվում են հայկական միություններ, ի հայտ են գալիս արվեստի հայ գործիչներ։



























