Հայաստանում տուրիզմի ոլորտի ամենակարեւոր խնդիրը երկրի ենթակառուցվածքների բարելավումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Տուրիզմի ոլորտում կատարվող ներդումների հիմնական մասը, ըստ Ապրեսյանի պետք է ուղղվեն հենց ենթակառուցվածքների բարելավմանը:
Ապրեսյանը նաեւ ընդգծեց, որ երկրի ակտիվ տուրիստական գոտիներում լուրջ խնդիր են դարձել զուգարանների եւ ուղեցույցների պակասը, որոնք նույնիսկ մայրաքաղաքում շատ քիչ քանակությամբ են:
«Պետք է նաեւ վերափոխել մայրաքաղաքի կենտրոնը ծայրամասերի, հանգստի գոտիների եւ երկրի շրջանների հետ կապող տրանսպորտային համակարգը: Ընդ որում, վերափոխել թե որակի, թե գնային առումով»,- հայտնեց Ապրեսյանը: Ծառայությունների ոլորտը եւս բարձր մակարդակի վրա չէ եւ կարիք ունի կադրային բարելավման: «Հայաստանում կան բազմաթիվ ուսումնական հաստատություններ, որոնք կադրեր են պատրաստում տուրիզմի ոլորտի համար, բայց դասավանդման մեթոդիկան շատերի մոտ ետ է մնում: Թեեւ եթե համեմատենք հարեւանների հետ, Հայաստանը բավական առաջ է անցել»,- նշել է Ապրեսյանը եւ հավելել, թե դա կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներից է:


























