Ապրիլի 17–ին Հայաստանի գյուղնախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի «լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ»:

Հունվար-փետրվարին հանրապետությունում պանրի արտադրության ծավալները համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Արդյունքում ստացվում է, որ այդ արտադրատեսակի ծավալը կրճատվել է 8,6 տոննայով կամ 0,5%-ով: Սկզբունքորեն անկումը մեծ չէ, եւ այն հնարավոր է հեշտորեն փոխհատուցել: Սակայն արտադրության ծավալն ինքնին ոչինչ չի նշանակում, քանի որ պանիրը եւ արտահանվում է, եւ ներմուծվում: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռեւս հրապարկված չեն, դիտարկենք վերջին երկու տարվա ցուցանիշները:

Անցած տարի, նախորդ տարվա համեմատ, հանրապետությունում պանրի արտադրության ծավալն ավելացել է 103,6 տոննայով: Ընդ որում, այս ապրանքատեսակի ներկրումն աճել է 20,9 տոննայով, իսկ արտահանումը` 463,8 տոննայով: Արդյունքում տարվա ընթացքում տեղական շուկայում պանրի ծավալները կրճատվել են 339,3 տոննայով կսմ 1,9%-ով:

Նշենք, որ 2011 թ-ին արտահանվել է 439,8 տոննա պանիր, իսկ 2012թ-ին ` 903,6 տոննա: Արտահանումը գրեթե համադրելի է եղել ներմուծման հետ: Եթե երկու տարի առաջ ներմուծմամ եւ արտահանման բացասական սալդոն 579,4 տոննա էր, ապա անցած տարի հասել էր 152,6 տոննայի:

Վերջին շրջանում պանրի շուկայում եզակի երեւույթ է նկատվում. տեղական տեսակների մանրածախ գները նվազել են: Առեւտրի մեջ նման հրաշքներ չեն լինում, պարզապես 2010թ. աշնանը արտադրողները կտրուկ բարձրացրել էին գները, հետո ստիպված էին իջեցնել: Գրաֆիկով ներկայացնենք այդ ցուցանիշները:

Դիագրամից ակնհայտ երեւում է, որ 2010թ. աշնանից մինչեւ 2011 թ. մարտը «Չանախ» եւ «Լոռի» տեսակների գների կտրուկ աճին այնուհետեւ հաջորդել է անկումը:

Եթե պանրի գնողունակ պահանջարկը նվազել է, ապա արտադրողները կարող էին դրան արձագանքել տեղական շուկա մատակարարման կրճատմամբ: Հատկապես որ, արտահանման աճը հնարավորություն էր տալիս դա փոխհատուցել: Նշենք, որ այդ ոլորտում հիմնական գործընկեր երկրները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են, որոնց անցած տարի բաժին է ընկել արտահանման 99,1%-ը:

Հասկանալի է, որ ցանկացած երկիր ապահովում է տեղական շուկայի պահանջարկը, հետո միայն արտահանում: Չնայած, եթե թողնենք գործարարների կամքին, ապա նրանք կարող են արատահանել անգամ վերջին գրամը: Այս դեպքում պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ազգային շուկայում դեֆիցիտը փակելու համար:

Ալբերտ Խաչատրյան