Հայ եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության մամլո դիվանը պարզաբանել է NEWS.am-ում հրապարակված «Հունգարիայի հայ համայնքն առանց եկեղեցի է մնացել» վերնագրող հարցազրույցը Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ:
Ստորեւ ներկայացնում ենք Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության մամլո դիվանի հայտարարությունը.
«Ս.թ. ապրիլի 23-ին NEWS.am թերթում տպագրվեց «Նիկողայոս Հակոբյան. Հունգարիայի հայ համայնքն առանց եկեղեցի է մնացել» հարցազրույցը, որն անաչառ ընթերցողի մոտ որոշակի անհասկացողություն կարող է առաջացնել: Առանց անդրադառնալու հարցազրույցի մանրամասներին, հարկ ենք համարում որոշ ճշգրտումներ կատարել:
Ներկայումս Հունգարիայում բնակվող հայերի քանակի մասին հակասական տվյալներ կան: Դրանք տատանվում են 2.000-ից մինչեւ 10.000-ի սահմանները: Համայնքը բաղկացած է հայախոս առաքելականներից (մոտ 500 հոգի, հիմնականում` Հայաստանից ներգաղթածներ) եւ հունգարախոս կաթոլիկներից (տարբեր գնահատականներով` մինչեւ 10.000):
Ի թիվս այլ կազմակերպությունների, Հունգարիայում գործում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցական համայնքը, որն ի հոգեւորս գտնվում է Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության (կենտրոնը` Վիեննա) իշխանության ներքո եւ որի նորընտիր խորհուրդի կազմը, համաձայն գործող ծխական կանոնադրության, վավերացվում է ոչ թե հունգարական պետության, այլ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի կողմից, եւ ապա ներկայացվում պետությանը: Նշենք նաեւ, որ 2001-2005 թթ. Հունգարիայի հոգեւոր հովիվն էր Հոգեշնորհ Տ. Բարսեղ վրդ. Փիլավչյանը (նստավայրը` Բուդապեշտ), ով 2005 թվականից տեղափոխվել է Չեխիա (Պրահա)` նշանակվելով Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի տարածաշրջանային հոգեւոր հովիվ: Հունգարաբնակ իր հավատացյալների հոգեւոր կարիքները Հայ Առաքելական Եկեղեցին անխափան բավարարում է Բուդապեշտում վարձակալությամբ վերցված եկեղեցում` ամսական մեկ անգամ մատուցվող Ս. Պատարագի, այլ խորհրդակատարությունների, ինչպես նաեւ հովվական այցելությունների միջոցով:
Իսկ ինչ Հունգարիայի հայ ազգային ինքնավարություն կազմակերպության փոխնախագահ պրն. Նիկողոս Հակոբյանի «անգամ ամիսը մեկ հայերենով պատարագ անցկացնելու մեր խնդրանքը մերժվել է» արտահայտությանն է վերաբերում, ապա խոսքը ժամանակին Մխիթարյան միաբանությանը պատկանող եւ տարիներ առաջ Հունգարիայի Կաթոլիկ Եկեղեցուն անցած եկեղեցու մասին է (մանրամասներ կարելի է ստանալ Վիեննայի Մխիթարյան միաբանությունից):
Թյուրիմացությունից խուսափելու համար հոդվածագրին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ «առանց եկեղեցու» է մնացել ոչ թե Հունգարիայի հայ համայնքը, այլ` հունգարախոս կաթոլիկներից բաղկացած հայ ազգային ինքնավարության կազմակերպությունը, որն իրականում որեւէ առնչություն չունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ: Որ սա այդպես է, պրն. Հակոբյանն ինքն է վկայում, երբ ասում է. «Հունգարիայում ժամանակին հայ կաթոլիկ եկեղեցի է եղել, որտեղ ժամանակին պատարագ են մատուցել մխիթարյանական հոգեւորականները.... Եկեղեցին, ի դեպ, կառուցվել է հայ համայնքի միջոցներով»:
Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական Պատվիրակությունը տեղեկացնում է, որ Հունգարիայում գործող հայկական որեւէ կազմակերպություն, բացի Հունգարիայի Մշակույթի նախարարության մոտ գրանցված եւ Հայրապետական Պատվիրակության կողմից ճանաչված «Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցուց», լիազորված չէ ներկայացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը), ինչպես նաեւ հայտարարություն անելու հանուն հունգարաբնակ ողջ հայության:
Հ.Գ. Հոգեւոր կարիքների բավարարման համար հունգարաբնակ մեր բոլոր հայրենակիցներին հորդորում ենք կապ հաստատել տարածաշրջանի հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Բարսեղ վրդ. Փիլավչյանի հետ»:




























