Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հերթական ողբերգական տարելիցը նշեց` աշխարհի տարբեր երկրների հուշահամալիրների մոտ գլուխ խոնարհելով. «Մենք հիշում ենք»: «Նենե, մենք հիշում ենք»,- իր «Twitter»-ում գրեց ռուսաստանցի հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը` իր տատի` նենեի ողբերգական պատմությունը ներկայացնելով եւ ավելացնելով. «Իմ ընտանիքն ապրել է ցեղասպանությունը, եւ այլ ապացույցներ ինձ պետք չեն»:
Իսկապես, ոչ մի հայի ապացույց պետք չէ, քանի որ դա նրա ընտանիքի պատմությունն է: Եւ միգուցե հենց այն պատճառով, որ մեզ ապացույցներ պետք չեն, մենք մոռացել ենք, որ դա պետք է եթե ոչ ապացուցել, ապա գոնե ճիշտ ներկայացնել աշխարհին եւ ցույց տալ, որ այդ սարսափելի ողբերգության հետեւանքներն առայժմ վերացված չեն: Եւ դա պետք է արվի ոչ միայն ողբով, այլ նաեւ լուրջ հետազոտություններով: Իսկ մեզ այդ հետազոտությունները պետք են` ստանալու համար «ինչո՞ւ», եւ «ինչպե՞ս խուսափել հետագայում» հարցերի պատասխանները: Կամ գուցե զայրացած մերժելով թուրքական կողմի` հարցը գիտնականներին թողնելու առաջարկը, Հայաստանում որոշել են ընդհանրապես գիտականորեն դրանով չզբաղվել:
«Տաշիր» հիմնադրամի եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության` ցեղասպանագիտության ոլորտում մրցույթի արդյունքներն ընկճող էին: Ընդամենը երեք հայտ եւ երեք դափնեկիր, որոնցից մեկը` տաջիկ: Մրցույթը երիտասարդ գիտնականների համար էր, պայմանը` հրապարակում միջազգային վարկանիշային պարբերականում: Գարեգին Նուշիկյանի մրցանակի հետ կապված իրավիճակն ավելի վատ է` ոչ մի դիմող: Այստեղ պահանջներն ավելի խիստ են. մրցանակի է արժանանում ցեղասպանագիտության հարցերով առաջատար երեք հանդեսներում` «Journal of Genocide Research», «Holocaust and Genocide Studies» եւ «Genocide Studies and Prevention» հրապարակված աշխատանքը:
Երիտասարդ եւ հույսեր ներշնչող ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը դեռ մրցույթները հայտարարելուց առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ չի մասնակցի այս մրցույթներին` մի շարք նկատառումներից ելնելով: Դրանց թվում նա նշել էր «ոչ ճիշտ շեշտադրումները», «վիրավորական ձեւակերպումը» (ըստ Մանուկյանի ավելի ճիշտ է ոչ թե կատարված աշխատանքի համար մրցանակ տալ այլ դրամաշնորհ տրամադրել` այն իրականացնելու համար, բայց գիտության մեջ երկու տարբերակն էլ առկա են), ինչպես նաեւ այն, թե ինչու տվյալ նախաձեռնությունում չի ընդգրկվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Իսկ այդ հարցի պատասխանը տարբեր առիթներով տվել է հենց ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, մեկ ասելով, թե մենք հիմնականում թանգարան ենք կառուցում, մեկ էլ հայտարարելով, թե կարող ենք տպագրել հոդվածներ որքան ցանկանանք, որտեղ ցանկանանք, եւ երբ ցանկանանք, ուղղակի մենք դա կարեւորագույն խնդիր չենք համարում, եւ մենք մեր ամսագիրն ենք պատրաստվում հրատարակել։ Բայց ի՞նչն էր խանգարում տպագրել հեդվածներ հենց այն ժամանակահատվածում, երբ մրցույթն էր հայտարարված, առավել եւս, որ սեփական ամսագիրը դեռ չկա։
Վեճերն ու իրարամերժ կարծիքները գիտության մեջ միանգամայն նորմալ են, սակայն միաժամանակ, գիտության մեջ ոչ ոք չափման այլ միավոր, քան գիտական հանդեսում հրապարկվելը, չի մտածել: Միգո՞ւցե դա գիտական աշխատանքի գնահատման լավագույն չափորոշիչը չէ, սակայն ընդունված է եւ ունիվերսալ: Եւ ինքնին գալիս է այն եզրահանգումը, թե «եթե ցանկանանք, որքան ցանկանանք եւ որտեղ ցանկանանքը» ընդամենը քող է: Իրականում միգո՞ւցե չենք կարող առայժմ գուցե օբյեկտիվ կամ մի շարք սուբյեկտիվ պատճառներով. դպրոցը դեռ չի կայացել, ոլորտը դեռ մեզ համար նոր է` չնայած որ ապրել ենք XX դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն այդ մասին խոսել չէ՞ որ պետք է:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում է, սակայն այդ հարցը` իրավական, բարոյական եւ դիվանագիտական հարթությունում լուծելու համար հարկավոր է գիտական բազա, ոչ միայն պատմագիտական նյութ, որը մենք մինչ օրս հավաքում ենք, այլ լուրջ հետազոտություն: Բացի ապացուցողական բազայից, դրանց վրա պետք է նաեւ եզրահանգումներ կառուցել. դա էլ հենց գիտնականի գործն է: Ընդ որում, այդ ոլորտը մեզ համար ոչ միայն մաքուր գիտություն է, այլեւ գաղափարախոսության ոլորտից է, այն ոլորտից, որի վրա կառուցվում է հայկական պետությունը, եւ մենք այն կառուցում ենք նման երերուն հիմքի վրա՞:
Անահիտ Սարգսյան




























