Թուրքիայի մայրաքաղաքում արդեն 74 օր գործադուլ անող պետական մենաշնորհային TEKEL ձեռնարկությունների աշխատակիցների մի մասը մտել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայի նահանգային գրասենյակ:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` մոտ 50 գործադուլավոր մտել են իշխող կուսակցության գրասենյակ եւ սկսել կարգախոսներ հնչեցնել: Գործադուլավորների հնչեցրած կարգախոսներն էին «Արդար ենք եւ հաղթելու ենք», «Մահանալ կա, իսկ վերադարձ չկա» եւ այլն: Գրասենյակի ներսում գտնվող իրենց գործընկերներին դրսից աջակցել են մյուս գործադուլավորները:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ուժերը ձերբակալել են 18 գործադուլավորի:

NEWS.am-ն ավելի վաղ եւս տեղեկություններ է հաղորդել TEKEL-ի աշխատակիցների գործադուլի ընթացքի եւ պատճառների մասին:

Նշենք, որ պետությունը ցանկանում է սահմանափակել TEKEL-ի 13 հազար աշխատակիցների իրավունքները, կրճատել աշխատավարձերը եւ նրանց ընդգրկել 4/C համակարգում: Թուրքիայի ղեկավարությունը ոչ մի կերպ չի գնում զիջման եւ պնդում է, որ գործադուլավորներն օրենք են խախտում:

4/C համակարգը նշանակում է, որ աշխատողները նախկինում ստացած 1300 լիրայի (350 հազար դրամ) փոխարեն կստանան 950 լիրա (280 հազար դրամ) աշխատավարձ: Նրանք զրկվում են արհմիությունների անդամ լինելուց, աշխատանքի ժամկետը սահմանվում է 10 ամիս եւ այդ շրջանը չի համարվում աշխատանքային ստաժ: