Գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը («Ծո Սամո») այսօր՝ մայիսի 30-ին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տված ճեպազրույցի ժամանակ հրապարակել է իր բաց նամակն` ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ նշում է, որ որոշել է իր արյան գնով ձեռք բերված մեդալները հանձնել նախարարին, քանի որ իրեն ավելորդ է զգում հայրենիքում:
Բաց նամակում ասվում է.
ԴԻՄՈՒՄ- ԲՈՂՈՔ
1988թ. հունիսից մինչեւ 1992թ. հոկտեմբերի սկիզբը մասնակցել եմ արցախյան ազատամարտի պայքարին: 1990 թվականին Շոշ գյուղի ֆերմայից մեկամսյա ժամկետով ձերբակալվել եմ եւ բազմաթիվ կտտանքների ենթարկվել Շուշիի բանտում: Բուժօգնության եմ դիմել միայն ասթմայի ծայրահեղ սրացման դեպքում: Ինքնապաշտպանական գործողությունների ժամանակ, թե վիրավորվելս, թե կոնտուզիա ստանալս գաղտնի եմ պահել, քանի որ ընդհատակյա պատերազմական գործողության ժամանակ գործող պարետային ժամի պայմաններում չէր կարելի ցույց տալ վիրավորվածությունը, որոնք ձեւակերպվում էին որպես աշխատանքային վնասվածքներ:
Մեր ջոկատն անանուն էր, մեզ կոչում էին Հակոբի ջոկատ: Ես այս բոլորի համար ոչ մի փաստաթուղթ չունեմ, որովհետեւ վերը նշվեց, որ մեր գործողությունները ընդհատակյա էին, միայն խորհրդային անձնագրիս պատճեն է, որտեղ երեւում է, որ գրանցված եմ եղել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, իսկ վիրավորվելուս եւ ձերբակալվելուս մասին փաստաթուղթ ոչ Վոլսկին, ոչ Սաֆոնովը եւ ոչ էլ` Օվչիննիկովը չեն տվել:
Մասնակցել եմ Կրկժանի, Արմենավանի, Տողի, Ջրակուսի, Մարիբեյլի, Ղոչալարի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի միջանցքի, Քարինտակի, Կիչանի, Սրխավենդի, Մարտակերտի եւ Հադրութի մարտական գործողություններին: Հրամանատարիս հրամանով եկել եմ Հայաստան` Գյումրիի 333-րդ գումարտակի կազմավորելու համար: Գյումրիում, ոչ ադեկվատ պահվածքիս համար դատապարտվել եմ 15 տարվա ազատազրկման: Առողջական խնդիրներով բազմիցս եմ դիմել բուժհաստատություններ, ստացել բուժումներ դատապարտյալների հիվանդանոցում, այնուհետ այլ բուժհաստատություններում: Բժշկական փորձաքննության հանձնաժողովը (ТЭК) չնայած բազմաթիվ հիվանդություններիս (ասթմա, կոնտուզիա, գլխուղեղի սալջարդ, գլխի սուր ցավեր), ինձ նշանակել է հաշմանդամության 3-րդ կարգ` պարզաբանելով, որ շատ տարիներ են անցել պատերազմից: Երկրաշարժին կորցրած 2 սենյականոց բնակարանի փոխարեն ստացել եմ 1 սենյականոց բնակարան (5 անձով): Աշխատունակության եւ սոցիալական ծանր կացությունից ելնելով, ստիպված, վաճառել եմ բնակարանս: Արդեն 2-րդ տարին է, ինչ իմ ընտանիքով ապրում եմ վարձով, որի հետեւանքով հաշվառում կամ գրանցում չունեմ:
2012թ.-ի հերթական բուժման ժամանակ պարզվել է, որ ունեմ շաքարային դիաբեդ, իսկ 2013թ.-ի ապրիլին ստացել եմ սրտի աբշիրնի ինֆարկտ: Հույսս լիովին կորցրել եմ ՀՀ ղեկավարությունից, որին չի հետաքրքրում իր հաղթանակած զինվորը եւ նրա 2 անչափահաս երեխաները: Ես ինձ անապահով եւ ավելորդ եմ զգում իմ հայրենիքում: Գտնում եմ, որ իմ հաղթանակած հայրենիքում, եթե ես գրանցում անգամ չունեմ եւ մեր` կամավորականներիս գործը մասամբ է հիշվում, իսկ պաշտոնատար անձանց կողմից նվաստացուցիչ կերպով եւ ցուցադրական տրամադրվում է չնչին ողորմություն, ուստի նպատակահարմար եմ գտնում իմ արյան գնով ձեռք բերված մեդալները (ոչ լրիվ ստացած մեդալներս) հանձնեմ ձեզ: Եթե կարիքն առաջանա, կարող եմ նաեւ հրաժարվել տրվող կենսաթոշակից»:



























