Կայքերից մեկը մայիսի 30-ին հրապարակել է «Փոխնախարար Ջանջուղազյանը չի տարբերում մասնավորի պարտքը պետականից» հոդվածը՝ Արմեն Խաչիկյան ստորագրությամբ (ամենայն հավանականությամբ՝ կեղծանուն է):
Այդ հոդվածում հեղինակը բանավիճել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի հետ, ինչը միանգամայն ողջունելի է: Սակայն հոդվածի հետգրությունում ավելացվել է հետեւյալ նախադասությունը. «Դատելով կայքի հրապարակած վերնագրից ու տեքստից` կարելի է ենթադրել, որ Ջանջուղազյանին հարց տվող լրագրողը եւս չի տարբերել ընդհանուր արտաքին պարտքը արտաքին պետական պարտքից, եւ հավանական է, որ հարցերը պատշաճ չի ձեւակերպել: Անգամ այդ դեպքում, սակայն, հստակ է, որ Ջանջուղազյանը, չտիրապետելով Հայաստանի արտաքին պարտքի շուրջ ստեղծված վիճակին, խոսել է այդ մասին ու փորձել մեզ «սխալ հանել»:
Նշենք, որ խոսքը NEWS.am-ում հրապարակված «Պետական պարտքի վերաբերյալ իրականության հետ աղերս չունեցող ցուցանիշներ են հրապարակվում. Ատոմ Ջանջուղազյան» լուրի մասին է, որտեղ ֆինանսների փոխնախարարն արձագանքել է նույն օրը այդ նույն կայքում հրապարակված «Ֆիննախը բացահայտեց վարչապետի հերթական սուտը. արտաքին պարտքն անցել է վտանգավոր շեմը» հոդվածին:
Ընդ որում՝ մենք տվել ենք բացառապես փոխնախարարի տեսակետը՝ առանց սեփական մեկնաբանության, այսպես ասած՝ «չեզոքության» սկզբունքով: Ի վերջո՝ լրագրողի թիվ մեկ խնդիրը քննադատելը կամ գովաբանելը չէ, թիվ մեկ խնդիրը՝ տարբեր տեսակետներ հանրությանը ներկայացնելն է, անգամ եթե այդ տեսակետը հակասում է իր սեփական դիրքորոշմանը: Պրն. Ջանջուղազյանը հարմար է գտել իր տեսակետը փոխանցել մեր կայքի միջոցով, ինչը բնավ չի նշանակում, թե լրագրողը կողմ է կամ դեմ նրա արտահայտած մտքերին:
Չգիտես ինչու՝ Ա. Խաչիկյանին դուր չի եկել, որ մեկ այլ լրագրող փոխնախարարին իր ուզած հարցերը չի տվել՝ իր ուզած պատասխանները ստանալու համար: Սա լրագրողական էթիկայի տարրական կանոնների խախտում է:
Ինչ վերաբերում է բուն բանավեճի թեմային: Կան տեսակետներ, որ արտաքին պարտքի վտանգավորության շեմը գնահատելու համար պետական պարտքին պետք է ավելացնել նաեւ մասնավորի արտաքին պարտքը: Այս մասին նշվել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգ»-ում: Այս տեսակետը հիմնականում պաշտպանում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Այս տեսակետին կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել: Ես անձամբ համաձայն չեմ, քանի որ մասնավորի արտաքին պարտքի վտանգավորության գնահատման համար պետք է նաեւ գնահատել դրա կառուցվածքը: Օրինակ՝ բանկային համակարգը վարկային ռեսուրսներ է ներգրավում արտասահմանից, ու դա միանշանակ ողջունելի է: Մեր մասնավորի արտաքին պարտքը հիմնականում այս աղբյուրից է գոյանում: Որեւէ վատ բան չկա, եթե մեր ոչ ֆինանսական կազմակերպությունները նույնպես ինքնուրույն դուրս գան միջազգային կապիտալի շուկա ու այնտեղից ռեսուրսներ ներգրավեն:
Որքան տեղյակ եմ՝ որեւէ լուրջ ընդհանրական ուսումնասիրություն չկա մեր արտաքին մասնավոր պարտքի վերաբերյալ: Ի վերջո, լուրջ չէ առանց գործոնային վերլուծության հեռուն գնացող եզրակացություններ անել ու մնացյալ աշխարհին մեղադրել դրանց հետ չհամաձայնելու համար:
Բացի այդ, եթե այդքան անվերապահ ընդունում ես ֆինանսների նախարարության ներկայացրած հայեցակարգի դրույթներից մեկը, որն ընդամենը ներկայացված է որպես տեսակետ, ոչ թե պաշտոնական դիրքորոշում, հետեւաբար՝ պետք է ընդունես նաեւ այդ հայեցակարգի մյուս թեզերը: Իսկ հայեցակարգն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացրել եվրաբոնդերի միջոցով նոր պարտք ներգրավելու գաղափարին, սակայն ազնվորեն նշել է բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ: Այսինքն՝ հաշվի առնելով անգամ արտաքին ընդհանուր պարտքի մեծ (վտանգավոր) չափերը՝ հայեցակարգի հեղինակները նպատակահարմար են համարում եվրաբոնդերի թողարկումը, ու դրա վերաբերյալ ներկայացրել են նաեւ հիմնավորումները: Հետեւաբար՝ հայեցակարգը պետք է գնահատել ընդհանուր, ուսումնասիրելով նաեւ ներկայացված ռիսկերը եւ հիմնավորումները: Մի բան, որ «Արման Խաչիկյան» ստորագրությամբ անձը չի արել, համենայնդեպս՝ իր հոդվածում այդ մասին չի գրել:
Սամվել Ավագյան



























