Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր` հունիսի 1-ին, պետական եւ ավարտական միասնական քննությունների մեկնարկի օրը, ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոն այցելելիս պատմեց իր ընդունելության քննությունների եւ ծանր ապրումների մասին:

Նա նշեց, որ 1992թ ընդունվում էր Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարան, եւ ինչպես դիմորդների մի մասը, ինքը եւս պարապում էի քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու, այն ժամանակ միասնական քննություններ չկային: Առաջին քննությունը, որը նախարարը հանձնել էր, քիմիայից էր`  թեստային տարբերակով, ստացել է 19, հետո հանձնել է հայոց լեզու, ստացել է 19, հետո հանձնել է կենսաբանություն, այդ քննության հետ կապված նա հետաքքքիր դրվագ հիշեց: «Երբ քննության հաջորդ օրը մոտենում էինք, որպեսզի իմանանք արդյունքները, ծնողները կանգնած էին եւ իրար հետ խոսում էին` «էս խոսացած 20-ը, էս խոսացած 20-ը», ես էլ իրենց միացա` «այո, խոսացած է», բայց հետո մոտեցա, տեսա, որ ես եմ դա ստացել»,- պատմեց նախարարը: Մեր հարցին, թե «խոսացա՞ծ էր», Արմեն Աշոտյանը հակադարձեց` «Ոչ, չէր կարող խոսացած լինել, որովհետեւ հնարավոր էլ չէր խոսալու այդ թվականին, դա գրավոր քննություն էր, թեստային չէր, շատ բարդ էր, իմ սիրելի առարկան էր, այնքան էի գրել, որ տողերի արանքում էի գրել, ես էլ զարմացա, որ այնքան լավ եմ գրել, որ 20 եմ ստացել: Հիմա ավելի հեշտ են քննությունները, կանխատեսելի են, դիմորդների համար ավելի մատչելի են, անգամ գյուղական միջնակարգ դպրոցի ուսուցչուհու հետ պարապելով հնարավոր է հանձնել»:

Արմեն Աշոտյանը հիշեց նաեւ իր ընդունելության ժամանակ ունեցած ապրումները: «Շատ ծանր հոգեվիճակում էի, հոգեբանորեն, ընտանիք, գերդաստան, բոլորը սպասում էին, որ վերջապես ցեղում բժիշկ կլինի, դպրոցը կարմիր մեդալով ավարտելուց հետո բոլորը սպասում էին, թե տեսնես կընդունվի՞, թե՝ չէ: Պետպատվերի խնդիր կար, մայրս ուսուցչուհի էր, հայրս` ինժեներ, ամեն կերպ պետք է ընդունվեի անվճար համակարգ, ուսման վարձի խնդիր կար»,- ասաց նախարարը` հավելելով, որ եթե ընդունելության ցուցակում իր միավորներով երրորդն էր, ապա ավարտելիս դիպլոմի միավորներով առաջինն էր, եւ ընկերները կատակում էին, թե 6 տարի սովորեցիր, ի՞նչ է, թե երկու համար առաջ գնաս: Բայց Արմեն Աշոտյանը չէր ներել «այդ առաջին երկու համարը» զբաղեցնող աղջիկներին, որոնք 20 էին ստացել ընդունելության քննություններին:

Մեր հարցին, թե հիմա արդարացրեցի՞ք ցեղի սպասելիքները բժիշկ դառնալու մասով, քանի որ հիմա բժիշկ չեք, նա պատասխանեց. «Միանշանակ արդարացրեցի, գոնե 11 տարի սովորելով` շարունակել եմ սովորել շատ լավ: Բժշկական կրթությունը կրթություն չէ լոկ, աշխարհայացք է: Պատահական չէ, որ բժիշկների մեջ շատ են գրողները, դերասանները, քաղաքական գործիչները, օրինակ` Չիլիի նախագահներից մեկը բժիշկ էր»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում: