Մայիսի 19-23 Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ մոտ 200 երկրից. նախագահներ, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, գիտնականներ, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մասնավոր խոշոր ընկերությունների ղեկավարներ: Քառօրյան ընդգրկում էր ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ...

Կարմիր թելի պես բոլոր ելույթներում ու հաշվետվություններում անցնում էր Հյոգոյի գործողությունների ծրագիրը, որով 2005 թվականից առաջնորդվում է ամբողջ աշխարհը: Հզորագույն աղետները, մարդկային ու նյութական հարաճուն կորուստները ստիպում են համաշխարհային հանրությանը համախմբվել, մշակել երկրներին ու համայնքներին հասցվող վնասների նվազեցման, վերականգնման ու վերակառուցման ծրագրեր:

Միայն վերջին 13 տարում աղետների հասցրած նյութական վնասն ամբողջ աշխարհում կազմել է 2.7 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը նշանակում է, որ 2000թվից սկսած ամեն մի ժամ աղետներից մեր մոլորակը 16.2 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել: 2 միլիարդ 900 միլիոն մարդ տուժել է այդ աղետներից, այսինքն, օրը մոտ 650 հազար մարդ: 2005 թվականից հետո իրականացված ծրագրերը ցույց են տալիս, որ դրանք կարող են նվազեցնել խոցելիությունը, նույնիսկ աշխարհակործան տարերքները կարող են ավելի քիչ վնաս պատճառել: Լուրջ առաջընթաց ապրած երկրներից էին՝ Բանգլադեշը, Հնդկաստանը, Պակիստանը, Թաիլանդը, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան ու Ֆիլիպինները, որոնք ամբողջ աշխարհին ցույց տվեցին աղետակայունության իրենց նոր որակը:

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում լուրջ առաջընթաց ունի արձանագրած նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ ՀՀ ԱԻՆ-ը լավ համարում ու բարձր վարկ ունի միջազգային շրջանակներում: Այս համաժողովին նույնպես հայկական պատվիրակությունը ներկայանալի ու նկատելի էր՝ ելույթներով, առաջարկներով, պատրաստված նյութերով:

Հայաստանի պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված էին..., գլխավորում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Բացի ընդհանուր քննարկումներից, ԱԻ նախարարի համար կազմվել էր առանձին ծրագիր՝ երկկողմ հանդիպումներ, ելույթներ, շնորհանդես, նախարարների կլոր սեղան, այցելություններ:

Գործընկեր նախարարների հետ հանդիպումից հետո իրարամերժ զգացողություններ կային եւ հպարտության, եւ ափսոսանքի. Բելառուսի նախարարը մեր նախարարից մի քանի հրշեջ մեքենա էր խնդրում, Ղազախստանի ու Ղրղըզստանի նախարարները՝ մեր փորձը, մեր գիտելիքները: Այս ու մի քանի այլ երկրներից պատվիրակություններ էին եկել ՀՀ ԱԻՆ ու հետո պատմել, որ շատ բան կա սովորելու:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի առաջին հանդիպումը ՄԱԿ-ի ճգնաժամերի կանխարգելման եւ վերականգնման գրասենյակի ղեկավարության հետ էր: Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Ջո Սչեուերը, կարեւորելով ԱՌՆ ոլորտում Հայաստանի կատարած աշխատանքը, նշեց, որ Հայաստանի փորձի մասին խոսում են բոլորը, եւ այն լավագույնն է համարվում:

Արմեն Երիցյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար, ներկայացրեց կատարած աշխատանքներն ու զարգացման հեռանկարները:

Ջո Սչեուերն առանձնացրեց նախարարի անմիջական ներդրումն ու ջանքերը: Նա նշեց՝ շնորհակալություն անձամբ Ձեր խոշոր ներդրման ու ջանքերի համար: Ձեր ու Ձեր գործընկերի առաջընթացը շատ նկատելի ու գնահատելի է, դրա համար մենք կշարունակենք ծրագրային ներդրում կատարել: Մենք 14 թիրախային երկիր ունենք, եւ Հայաստանը կշարունակի մնալ այդ ցանկում:
Հաջորդը դոնորների հետ հանդիպումն էր՝ Աղետավտանգ երկրների դերը կանխարգելման եւ պատրաստվածության ոլորտում խորագրով, որը կազմակերպել էին Գերմանիան, Լեհաստանն ու ՄԱԶԾ-ն: Ողջույնների խոսքից հետո զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նա ներկայացրեց Հայաստանն իր վտանգներով ու ռիսկերով, ձեռնարկած քայլերով, ձեռքբերումներով, զարգացման հեռանկարներով ու կարիքներով: Այնուհետեւ պատասխանեց բազմաթիվ հարցերի՝ զարգացնելով իր մոտեցումներն ու տեսակետները Հյոգոյի գործողությունների ծրագրի վերանայման, նոր ուղղությունների նախանշման, առանձին դրույթների խորացման անհրաժեշտության վերաբերյալ: Դոնորները հետաքրքրված էին Հայաստանով, եւ ՀՀ ԱԻ նախարարի զեկույցն ու պարզաբանումները առավել ուղղորդող ու թիրախային դարձրին այդ հետաքրքրությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Վալստրոմի հետ հանդիպումն ասես հին բարեկամների սպասված ժամադրություն լիներ: «Մեր նախորդ հանդիպումից ուղիղ երկու տարի է անցել, բայց դուք մեծ քայլերով եք առաջ ընթանում: ես մեծ ուրախությամբ ու գոհունակությամբ եմ հետեւում ձեր առաջընթացին: Այն կարելի է կիրառել որպես տարածաշրջանային մոդել: Ինձ շատ է ուրախացնում եւ ոգեւորում այն, որ Դուք ձեր աշխատանքներում ներգրավում եք հաշմանդամություն ունեցող անձանց: Դա շատ ողջունելի քայլ է, եւ ես կառաջարկեի Ձեզ, հաշվի առնելով Ձեր ընդգծված լիդերությունն այս ոլորտում, որպես միջազգային դեսպան հանդես գալ մյուս երկրներում, ներկայացնել Ձեր փորձը»,- վերջում նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: