Պետական բյուջեի հաշվին Հայաստան ներկրված 2 զուգարանները, յուրաքանչյուրը 150 հազ. դոլար արժողությամբ, իրավամբ տարակուսանք առաջացրին հանրության շրջանում: Սկզբնապես հայտարարվում էր, որ դրանք բիոզուգարաններ են, սակայն վերջերս էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ դրանք բիոզուգարաններ չեն:

Ի՞նչ են, ի վերջո, իրենցից ներկայացնում բիոզուգարանները, եւ ինչո՞վ են տարբերվում սովորականներից: Հարկ է նշել, որ եւ Արեւմուտքում, եւ Ռուսաստանում վերջին տարիներին բիոզուգարնների բիզնեսը լայն թափ է ստանում: Այն առաջարկվում է հիմնականում քաղաքից դուրս գտնվող հողամասերում (առանձնատներում) տեղադրելու համար, քանի որ չափսերով փոքր է եւ կարելի է անհրաժեշտության դեպքում տեղափոխել:

Բիոզուգարանի հիմնական առանձնահատկությունը հետեւյալն է՝ մարդկային թափոնները ոչ թե թաղվում են, կամ լցվում կոյուղի, այլ հատուկ մշակման են ենթարկվում ու օգտագործվում որպես հումուս: Թափոնները կուտակվում են հատուկ տարաներում (դրանք տեղակայվում են զուգարանակոնքի ներքեւի մասում), ու մշակվում են բակտերիաների ու տորֆի միջոցով: Հատուկ տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ գործընթացը դարձնել անհոտ, սակայն ահրաժեշտ է ժամանակ առ ժամանակ այդ տարաները հանել եւ մաքրել: Բիոզուգարաններն աշխատում են առանց հոսանքի, իսկ ժամանակակից մոդելներում՝ նույնիսկ ջուր անհրաժեշտ չէ:

Բիոզուգարանի հայտնությունը բավական հետաքրքիր պատմություն ունի: Այն հայտնաբերել է կանադացի ավիաինժեներ Պիտեր Բյուզինգը՝  1980 թ.: Նրա տատը ծանր հիվանդ էր եւ պառկած հիվանդանոցում: Բնականաբար՝ նման հիվանդները դժվարությամբ են օգտվում զուգարաններից: Տատու վիճակը մեղմելու համար ինժեները հայտնագործում է բիոզուգարանը, որը կարելի է տեղադրել ցանկացած տեղ, ու տեղափոխել ցանկացած ժամանակ:

Հարկ է նշել, որ բոլոր այն զուգարանները, որտեղ թափոնները մշակվում են քիմիական նյութերի օգնությամբ՝ բիոզուգարաններ չեն համարվում, դրանք կոչվում են քիմիական զուգարաններ: Հենց այդ կատեգորիային են պատկանում Հայաստան ներկրված երկու թանկարժեք զուգարանները, որտեղ թափոնները հատուկ քիմիական նյութերով մշակվելուց հետո վերածվում են փոքրիկ բրիկետների, բայց որեւէ այլ նպատակով օգտագործվել չեն կարող:

Նշենք, որ Հայաստանում բիոզուգարանների բիզնես, որպես այդպիսին, գոյություն չունի: Երբ փորձեցինք սանտեխնիկայի վաճառքով զբաղվող խանութներից հետաքրքրվել, թե ունե՞ն բիոզուգարաններ, միայն զարմացական արձագանք լսեցինք:

Իրականում բիոզուգարանները չափից ավելի թանկ հաճույք չեն համարվում՝ դրանց արժեքը 700-2000 դոլարի սահմաններում է: Չի բացառվում, որ մեր մասնավոր ընկերությունները առաջիկայում սկսեն ներմուծել նաեւ բիոզուգարաններ:

Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը