Այսօրվա տվյալներով` հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերն առայժմ չեն մասնակցում Ստամբուլի եւ Թուրքիայի մյուս խոշոր քաղաքների բողոքի ակցիաներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:Նրա խոսքով` երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ակտիվություն չեն դրսեւորում նաեւ քրդական կազմկերպությունները: «Կարծես թուրքական էլիտան եկել է որոշակի կոնսենսուսի` փորձելով մեկուսացնել նման շարժումը: Շարժումը, որն սկսվել էր որպես բանապահպանական, վերածվեց զանգվածային դիմակայության, առաջին հերթին այն պատճառով, որ թուրքական իշխանությունները դրանք ճնշելու կոշտ միջոցառումներ են կիրառել»,-նշեց Սաֆրաստյանը` ընդգծելով, որ հենց այդ միջոցառումներն են թուրքական հանրության զայրույթը հարուցել:
Շարժումը, ըստ թուրքագետի, ինքնաբուխ է զարգանում, առանց քաղաքական ուժերի հետ կապ ունենալու, սակայն դա չի նշանակում, որ շարժումը չի կարող հետագայում ավելի ընդլայնվել: Նրա կարծիքով` չպետք է բացառել, որ որոշակի փուլում թուրքական ուժերը կարող են միանալ շարժմանը: «Նման կարգի շարժումները կարող են հաջողության հանել միայն այն դեպքում, եթե կարողանան առաջնորդներ ծնել: Այդ դեպքում շարժումը հեռանկար կունանա»,-նշեց թուրքագետը:Նա նաեւ ընդգծեց արտաքին գործոնի դերը` նկատի ունենալով ԱՄՆ-ին, որը նույնպես աջակցում է Թուրքիայում կառավարող վերնախավին: Նրա համոզմամբ` պետք է նաեւ հաշվի առնել բանակի դերը, կոնկրետ կարգախոսները վկայում են այն մասին, որ որոշ ուժեր մասնակցում են բողոքի ակցիաներին: «Դա վկայում է այն մասին, որ բողոքներն ուղղված են ոչ միայն ժողովրդավարական իրավունքերի սահմանափակման, այլեւ թուրքական իշխանությունների իսլամիստական քաղաքականության դեմ: Այստեղ էական կարող է լինել ինչպես ընդդիմադիր Ժողովրդահանարապետական կուսակցության, այնպես էլ բանակի դիրքորոշումը»,-նշեց Ռ. Սաֆրաստյանը:




























