Հայաստանի իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն տեղական ավիաընկերությունների համար: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամ Լեւոն Ղազարյանը: 

Որպես մրցակցության բացակայության օրինակ՝ նա նշել է հայ-ռուսական հատվածը, որտեղ այդ ուղղվածությամբ գործող ութ ընկերություններից միայն մեկն է հայկական: Ընդ որում՝ ռուսական ընկերությունների համար գները կրկնակի ցածր են:

«Նման պայմաններում մրցակցությունն անհնար է», - ընդգծել է Ղազարյանը:

Անդրադառնալով «Արմավիայի» սնանկացման  եւ շուկայում միանգամից երեք ազգային ավիափոխադրողների ի հայտ գալու  մասին արդիական հարցին՝ Ղազարյանը նշել է, որ մրցույթ կհայտարարվի, որն էլ կհստակեցնի իրավիճակը: Իսկ թե երբ կհայտարարվի մրցույթը, ենթահանձնաժողովի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել:  Նա միաժամանակ հիշեցրեց, որ ընկերությունները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, հակառակ դեպքում դուրս կմղվեն շուկայից: «Էլեկտրոնային տոմսի, ավտոմատ գրանցման համակարգի ներմուծումը լրացուցիչ ծախսեր են, որոնք իրենց հերթին հանգեցնում են տոմսի գնի բարձրացման»,- նշել է Ղազարյանը:

Ըստ նրա՝ իրավիճակի բարելավման համար ապագա ազգային ավիափոխադրողների համար կարելի է տեխսպասարկման միասնական ծառայություն ստեղծել:

Ինչ վերաբերում է կայանալիք մրցույթին մասնակցելուն, ապա, ըստ Լեւոն Ղազարյանի, արտասահմանում աշխատող հայկական ընկերությունները կարող են գրանցվել այստեղ եւ մասնակցել մրցույթին: Ինչու ոչ, շահույթը կփոխանցվի բյուջե, կարծում է Ղազարյանը: Նորահայտ «Կռունկ» ընկերության վերաբերյալ, որը եւս ազգային ավիափոխադրող դառնալու հավակնություններ ունի, Լեւոն Ղազարյանը նշել է, որ իրեն ճշմարտանման չեն թվում գրեթե 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին հայտարարությունները: Հայկական շուկայում նման ներդրումներն անիմաստ են, դրանք  չեն մարվի, նկատել է Հանրային խորհրդի ներկայացուցիչը: