ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդելի քաղաքային խորհրդում քննարկվել է առաջիկա 5 տարում էլեկտրաէներգիայի սակագինը 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ առաջարկությունը, գրում է Asbarez-ը:

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Գլենդելի ստորաբաժանումը, որում ընդգրկված են 150 քաղաքացիներ, մասնակցել է քննարկմանը եւ անհամաձայնություն հայտնել առաջարկին, ըստ որի 2013-ին էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացվի 8 տոկոսով, 2014-ին՝ 7 տոկոսով, 2015-ին՝ 5 տոկոսով, իսկ 2016-ին ու 2017-ին՝ 2-ամական տոկոսով:

Քաղաքային խորհրդի անդամներ Արա Նաջարյանն ու Լորա Ֆրիդմանը՝ քաղաքապետ Ուիվերի հետ միասին կողմ են հանդես եկել ծրագրին, մինչդեռ քաղաքային խորհրդի անդամներ Զառա Սինանյանը եւ Ֆրենք Քինթերով կտրականապես դեմ են արտահայտվել սակագնի բարձրացմանը:

13 ելույթներից հետո ընդհանուր կարծիքը եղել է հետեւյալը. սակագները չափից ավելի բարձր են եւ քաղաքային խորհուրդը պետք է այլընտարնքներ քննարկի: