Գնալով ավելի շատ քաղաքական եւ պետական պատասխանատու գործիչներ են համակարծիք Սիրիայի հարցում Ռուսաստանի գնահատականներին, ըստ որոնց՝ ուժային սցենարը կխթանի ահաբեկչությունն ինչպես Սիրիայում, այնպես էլ հարեւան երկրներում: Այս մասին Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հավելել է, որ «Դամասկոսի նկատմամբ հնարավոր ուժային գործողությունների քարոզչության ֆոնին Ռուսաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արեւելքում վիճակի կործանարար սրացում թույլ չտալու համար»: Նախարարի ելույթը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
«Իրավիճակի ամբողջ լրջությունը հաշվի առնելով՝ մենք եւ սիրիացի մեր գործընկերները համոզված ենք, որ քաղաքական կարգավորման հնարավորություններն առկա են: Վ. Մուալեմն այսօր հայտնեց «Ժնեւ-2» կոնֆերանսին մասնակցելու Սիրիայի հստակ պատրաստակամությունը, որպեսզի առանց նախապայմանների ընդդիմության հետ համաձայնության հասնեն՝ 2012թ. հունիսի 30-ի ժնեւյան կոմյունիկեին համապատասխան:
Մեր ամերիկացի գործընկերներին եւս կոչ ենք անում ջանքերը այդ ուղղությամբ կենտրոնացնել, ոչ թե ռազմական սցենարի նախապատրաստման», - հայտարարել է Լավրովը:
Խոսելով Սիրիայում իրավիճակը քաղաքական հարթություն տեղափոխելու որոշակի նախաձեռնությունների մասին` Լավրովը նշել է, որ «ինչպես հայտնի է, «Ժնեւ-2» գումարել դեռ չի ստացվում» «Ազգային կոալիցիայի» մեղքով, որը ամերիկացիները եւ մի շարք այլ երկրներ դիտարկում են որպես գլխավոր ընդդիմադիր կառույց: «Նրանք կամ չեն կարողանում կոալիցիային համոզել համաձայնել, կամ էլ չեն ցանկանում», - հավելել է նա:
Լավրովը նաեւ հայտնել է, որ Մուալեմի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի տեսուչների շուտափույթ վերադարձի մասին` քիմիական զենք կիրառելու վերաբերյալ վերլուծություններն ավարտելու եւ եզրակացություն հայտնելու նպատակով:





























