Մաքսային միություն մտնելու դեպքում ներմուծող բոլոր գործարարները կտուժեն՝ բարձր մաքսատուրքերի պատճառով: Դա նաեւ վերաբերում է շաքարավազի ներմուծման մենաշնորհ ունեցող «Լուսաստղ շուգր» ընկերությանը, որը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
2013 թ. Հայաստանը ներկրել է 27 հազ. տոննա շաքարավազ՝ տոննան 571 դոլար մաքսային արժեքով: Հայաստանում գործում է 10% մաքսատուրք, հետեւաբար՝ «Լուսաստղ շուգրը» տոննայի համար վճարում է 57 դոլար մաքսատուրք:
Բոլորովին այլ է վիճակը Մաքսային միության դեպքում: Այնտեղ տուրքերը շաքարավազի նկատմամբ սահմանված են ոչ թե տոկոսներով, այլ՝ ամերիկյան դոլարով տոննայի դիմաց: Մաքսատուրքի չափերը փոխկապակցված են Նյու Յորքի բորսայի գնի հետ, ինչպես նաեւ՝ ներմուծման ժամկետի հետ (օրինակ՝ եթե ներմուծումը կատարվում է հունվարի 1-ից մինչեւ մայիսի 1՝ տուրքը նվազեցվում է): Ըստ այդմ՝ շաքարավազի մաքսատուրքը տատանվում է տոննայի համար 140-260 դոլարի սահմաններում, այսինքն՝ 3-5 անգամ ավելի շատ, քան ներկայում փաստացի կիրառվում է:
Սա նշանակում է, որ Հայաստանում շաքարավազի գինը կարող է էապես բարձրանալ: Իհարկե՝ գոյություն ունի շրջանցող տարբերակ: Շաքարավազ կարելի է ներկրել ոչ թե Բրազիլիայից, այլ Բելառուսից կամ Ռուսաստանից: Սակայն այդ երկրներում շաքարեղեգի փոխարեն աճեցնում են շաքարի ճակընդեղ, որի ներկրումը շաքարեղեգի համեմատ՝ քիչ շահավետ է: Բելառուսական շաքարը, համեմատ բրազիլիականի, ավելի թանկ է, բացի այդ՝ այդ երկիրն արտահանման մեծ ծավալներ չունի, ուստի Բրազիլիայից շաքարի հումքի ներկրումը գրեթե այլընտրանք չունի:





























