Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում, սեպտեմբերի 11-ին, հայկական ապրանքատեսակների տաղավար է բացվել։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական եւ ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։

Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ:

Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի եւ հյութեր։

Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Ջինսուն նահանգում նորաբաց մշտական տաղավարի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի արտադրողներին իրենց համար բացահայտել չինական շուկայի ներուժը, ստեղծել շահավետ գործարար կապեր։