Հայաստանի հարցերը լուծելու դեպքում ուղղակիորեն լավ է լինելու նաեւ Ղարաբաղի համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի  12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով ԱԺ-ում արած իր այն հայտարարությանը, թե «մի հատ մեր հարցերը լուծենք, հետո նոր՝ Լեռնային Ղարաբաղի»:

«Քանի որ ԼՂՀ-ն դեռ միջազգային ճանաչում չունի, նա չի կարող միանալ Մաքսային միությանը, թե ոնց է ընկալվել ասածը, չգիտեմ»,-ասաց նա՝ նկատելով, որ լրագրողները իր ասածը ճիշտ չեն ընկալել:

«Միջազգային հանրությունը դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ո՞նց կարող է նա մի միությանը միանալ: Եվ երկրորդ՝ ընդհանրապես մեր բոլոր հաջողությունները կապված են ԼՂՀ-ի հետ», ասաց Հովիկ Աբրահամյանը:  Իսկ հարցին, թե Արցախի հարցը երկրորդական չէ՞ իր  համար, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Արցախը եղել եւ մնում է առաջնային, եթե դուք կոնտեքստից կտրում եք, այլ բան է»: