Տարածքների համաչափ զարգացման բաղադրիչը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որը փորձ է արվում ընդգրկել բոլոր գործընկերների հետ իրականացվող ծրագրերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակությունը գլխավորում է ԵՀ զարգացման եւ համագործակցության (DevCo) հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Մայքլ Քոհլերը (Michael Koehler):
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են ԵՄ Արեւելյան գործընկերության ներքո իրականացվող Տարածքային զարգացման փորձնական ծրագրերի (PRDP) շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր:
Փոխվարչապետն իր նկատառումներն է հայտնել PRDP-ի ուղղությունների վերաբերյալ` կարեւորելով խիստ նպատակային բաղադրիչի առկայությունը: «Մենք փորձելու ենք ընտրել տարածքների զարգացման տեսակետից առաջընթաց ապահովող ուղղություններ: Հուսով եմ, որ ԵՄ խորհրդատուի հետ համագործակցաբար կկարողանանք նախատեսել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան թե մասնավոր, թե հասարակական, թե տեղական ոլորտներից առավելագույն թվով շահառուներ ներգրավել»,-նշել է նա:
Ա. Գեւորգյանը հյուրերի խնդրանքով տեղեկություններ է ներկայացրել ՏԻՄ ոլորտում առաջիկա բարեփոխումների մասին` ԵՄ կողմից նախատեսված միջոցների ներգրավումը կարեւոր համարելով դրանց իրականացման տեսակետից: «Մենք մտադիր ենք խորացնել ապակենտրոնացումը, ինչն առաջին հերթին մեզ է հարկավոր: Առաջիկա բարեփոխումները միտված են լինելու համայնքների կարողությունների հզորացմանը, որպեսզի վերջիններս, լուծելով ընթացիկ հարցերը, կարողանան նոր պարտավորություններ ստանձնել»,-նշել է նա:
Հյուրերը ողջունել են տարածքների զարգացմանն ուղղված բարեփոխումների եւ ծրագրերի իրականացումը` դրանք կարեւոր համարելով երկրի հետագա զարգացման համար, եւ պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց իրականացմանը:





























