Հայ-բելառուսական ավանդական, բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, ինչին նպաստում են նաեւ բարձր մակարդակով անցկացվող հաճախակի հանդիպումները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար՝ նախարար Մակեյը նշել է, որ ուրախ է կրկին անգամ գտնվել բարեկամ Հայաստանում՝ քննարկելու փոխգործակցության հետագա զարգացման եւ խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերին։
Նախարարները քննարկել են ս.թ. մայիսին Բելառուսի նախագահի Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Նախարարները մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության եւ Վիլնյուսյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:





























