Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն օրերս այցելել է Չեխիայի Հրադեց Կրալովիի երկրամաս, ուր հանդիպումներ է ունեցել երկրամասի երկրորդ քաղաք Տրուտնովի քաղաքապետ Իվան Ադամեցի հետ ու քննարկել Տրուտնովի եւ Դիլիջանի, Հրադեց Կրալովիի երկրամասի եւ Տավուշի մարզի միջեւ համագործակցություն հաստատելու վերաբերյալ հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին դեսպան Սեյրանյանն այցելել է Մորավա-Սիլեզյան երկրամասի մայրաքաղաք Օստրավա, որն իր մեծությամբ Չեխիայի Հանրապետության երրորդ քաղաքն է եւ հանդիսանում է խոշոր արդյունաբերական կենտրոն: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի, այնուհետեւ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկրամասի ղեկավարի հետ զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ Արմավիրի մարզի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ երկու տարածաշրջանների միջեւ տնտեսական համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի: Զրուցակիցները կարեւորել են գործակցությունը կրթության եւ մշակույթի բնագավառներում: