Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցություններում միշտ էլ պահպանել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առաջնայնությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին Երեւանում «Արեւելյան գործընկերության» ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում, որին ներկա էին ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ «ԱԳ» երկրների արտգործնախարարներ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նշենք, որ փորձագիտական եւ դիվանագիտական շրջանակներում ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում Հայաստանի համար ԵՄ-ի դոնորային կոնֆերանսի մասին, եթե Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր եւ խոր եւ համապարփակ առեւտրի ազատ գոտու պայմանագիր (DCFTA) նախաստորագրեր: Այնուամենայնիվ, նշել է Նալբանդյանը, այն հարցը, թե Հայաստանն ումից կարող էր ավելին ստանալ՝ ԵՄ-ից, թե Ռուսաստանից, սկզբնապես չի դրվել:
«Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների բնույթի մասին է վկայում սեպտեմբերի 3-ի Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը, որտեղ ասվում է բոլոր բնագավառներում խոր եւ սերտ համագործակցության մասին», – ընդգծել է Նալբանդյանը: Նա հավելել է, որ DCFTA-ի մասին բանակցությունները տարվել են՝ որպես Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելուն օգնող ձեւաչափ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին հայտարարել էր Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին: Ի պատասխան ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կասկածի տակ է դրվում DCFTA-ի նախաստորագրումը:





























