Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ԵԱՀԿ աջակցությամբ, վերապատրաստման դասընթաց է կազմակերպում Հայաստանի ԱԺ հանձնաժողովների աշխատակիցների եւ պատգամավորների օգնականների համար: Դասընթացը բաղկացած է 100 ժամից եւ կավարտվի սեպտեմբերի 30-ին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության աջակցությամբ կազմակերպվող վերապատրաստումը կնպաստի ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների բարելավմանը:

Դասընթացի նպատակն է բարելավել ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատակիցների եւ պատգամավորների օգնականների կարողությունները՝  նպաստելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների բարելավմանը եւ օրենսդիր մարմնի ինստիտուցիոնալ դերի բարձրացմանը:  Վերապատրաստման դասընթացի ընթացքում հանձնաժողովների աշխատակիցները եւ պատգամավորների օգնականները ձեռք կբերեն տեսական եւ կիրառական գիտելիքներ ու հմտություններ հետազոտությունների իրականացման, քաղաքականությունների վերլուծության եւ գնահատման,  խորհրդարանական փաստաթղթերի մշակման, ինչպես նաեւ տեղեկատվության պատշաճ ներկայացման, հաղորդակցության եւ բանակցման վերաբերյալ:

«Այս դասընթացի շնորհիվ էապես կբարելավվեն ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատակիցների եւ պատգամավորների օգնականների հմտությունները եւ գիտելիքները, եւ դա կնպաստի ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը», - նշել է ՀԱԺԱԾ-ի ծրագրի ղեկավար Շոն ՄաքՆելին:

«Այս վերապատրաստման ծրագիրը նախատեսված է Ազգային Ժողովի աշխատակիցներին ժամանակակից միջոցներ տրամադրելու համար, որոնք օգտակար կլինեն Հայաստանի բնակիչների եւ Ազգային ժողովի համար աշխատելիս: Հայաստանի ամերիկյան համալսարանի համար մեծ պատիվ է այս դասընթացը տրամադրելը», - նշել է ՀԱՀ քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի ամբիոնի վարիչ՝ Դուգլաս Շումավոնը: