Ժամանակի ընթացքում շատ ամուսնական զույգեր արտաքնապես նմանվում են միմյանց: Երբեմն այն աստիճանի, որ նրանց քույր ու եղբայր են համարում: Ամերիկացի հոգեբանները փորձել են բացահայտել ընտանեկան կյանքի այդ հետաքրքիր փաստը:
Փորձի համար հոգեբանները հավաքել են նվազագույնը 25 տարի ամուսնացած զույգերի լուսանկարներ: Հետազոտողները համեմատել են ամուսնական կյանքի ավելի վաղ շրջանում արված նկարները թարմ նկարների հետ: Ընդ որում, արտաքին նմանությունը ավելի ակնհայտ է եղել, երբ զույգերի համատեղ կյանքը համամատաբար ավելի երջանիկ է անցել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ըստ հոգեբանների բացատրությունն այն է, որ մոտ մարդիկ սկսում են կրկնօրինակել դիմախաղերը, շարժուձեւը, սովորույթները եւ միմյանց դեմքի արտահայտությունները: Հաստատվել է, որ տղամարդիկ ու կանայք նախապես իրենց կողակից ընտրում են նրանց, ում հետ արտաքին ընդհանրություններ ունեն:





























