Քարդիֆի 21-ամյա բնակիչը բարկացել է կենցաղային ապրանքներ վաճառող տեղական կազմակերպության վրա, որի աշխատակիցները հարցազրույցի ժամանակ խնդրել են իրեն պարել: Երիտասարդը խոստովանում է, որ առ այս պահը դեռ իրեն անհարմար է զգում:
«Շատ անհարմար ու ամոթալի իրավիճակ էր: Ես պարում էի Daft Punk խմբի Around the World երգի հնչյունների ներքո՝ անծանոթ մարդկանց առջեւ, գործնական հագուկապով, ռոբոտի տարօրինակ շարժումներ կատարելով»,- բրիտանացու խոսքը մեջբերում է BBC-ին:
Ալան Բեկոնը աշխատանքի ընդունման հարցազրույցն այլ կերպ էր պատկերացնում: Երիտասարդը մեկ շաբաթ պատրաստվել է դրան, սակայն գործատուներին ավելի շատ հետաքրքրել է աշխատանքի ընդունվողի պարելու կարողությունը, քան նրա մասնագիտական որակները: Միջադեպից քիչ անց կազմակերպության ներկայացուցիչը Ալան Բեկոնից եւ այդ օրը հարցազրույցի եկած մյուս անձանցից ներողություն է խնդրել, հաղորդում է Russia Today-ը:
«Մենք ցավում ենք, որ հարցազրույց անցկացնող մարդիկ այդ օրը Ձեզ հետ նման կատակ են արել: Մենք սիրով Ձեզ հրավիրում ենք մեկ այլ հարցազրույցի, որտեղ, հավատացած եղեք, գնահատելու են միայն Ձեր մասնագիտական կարողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սակայն Բեկոնը հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ այնտեղ, որտեղ ստիպել են իրեն «ստորացված» զգալ:




























