Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը ՀՀ կառավարությունից 10 մլն դրամի ֆինանսական աջակցություն կստանա:
2013 թ. ապրիլ-հուլիս ամիսներին 40 անօթեւան մարդու ժամանակավոր կացարանով ապահովելու հետեւանքով բարեգործական հիմնադրամում գոյացել է 10 մլն դրամի պարտք, ինչի հետեւանքով Հիմնադրամը հնարավորություն չունի կազմակերպելու շահառուների հետագա սպասարկումը:
2001-2011 թ.թ. Հիմնադրամի ծախսերը ամբողջությամբ ֆինանսավորվել են Դանիական կողմի միջոցների հաշվին: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հիմնադրամին մասնակի ֆինանսական աջակցություն է տրամադրել Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն: 2011 թվականի դեկտեմբերից մինչ օրս Հիմնադրամն ապաստանել եւ աջակցություն է տրամադրել մոտ 200 անօթեւանի:
Հիմնադրամը, որդեգրելով Դանիական Կոֆոեդ դպրոցի մոդելը, մեկ ու կես տարվա ընթացքում իրականացրած սոցիալ-հոգեբանական աշխատանքի արդյունքում 37 մարդու վերադարձրել է հարազատների մոտ, օգնել է վերականգնել կորցրած սոցիալական կապերը, 30 մարդու աջակցել է ինքնուրույն կյանք վարելու հարցում եւ այլն:




























