Հայաստանն ու Կոլումբիան քայլեր կձեռնարկեն հարաբերությունների զարգացումը խթանելու համար, այդ թվում մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ: Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Կոլումբիայի ԱԳ նախարար Մարիա Անխելա Հոլգինը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին կայացած հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը իր կոլումբիացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Կոլումբիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Կոլումբիայի խորհրդարանի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտված մոտեցումները չեն արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը եւ վերահաստատել է աջակցությունը միջազգային իրավունքի հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կրիստիան Վիգենինի հետ, որի ընթացքում արծարծված հարցերը վերաբերել են հայ-բուլղարական փոխգործակցության հետագա ընդլայնմանը, ԵՄ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին, Եվրոպական միության Արեւելյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում համագործակցության ուղիներին, Վիլնյուսի գագաթաժողովին վերաբերող հարցեր։
Հայաստանի արտգործնախարարի եւ Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ զրույցի ընթացքում քննարկվել են անցյալ տարի Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում փոխգործակցության խորացման ուղիները։





























