Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող զինվորական շքերթում ՀՀ նախագահ Սերժ Սարգյանը հանդես է եկել ելույթով: Հիշեցնենք, որ շքերթը նվիրված է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին:
«Մեր նորանկախ հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատությունները հիմնադրվեցին կանոնավոր բանակ ձեւավորելու դժվարին օրերին, երբ դեռ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ: Այսօր արդեն կարող ենք ասել, որ բոլոր ռազմական կրթօջախներն էլ դարձել են ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոններ»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Հայտնի իրողություն է. բանակն առավել հզոր է իր սպայական կազմով, որը յուրաքանչյուր բանակի ողնաշարն է եւ որի մասնագիտական պատրաստվածությամբ, մարդկային ու բարոյական նկարագրով է պայմանավորված զորքերի մարտական պատրաստությունը: Հայաստանի զինված ուժերը սահմանների պաշտպանության, զորավարժությունների եւ խաղաղարար առաքելությունների ընթացքում բազմիցս հաստատել են իրենց մարտական արհեստավարժությունն ու բարոյակամային բարձր որակները»:
Նրա խոսքով, Հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը, մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային եւ անփոխարինելի բաղադրիչը:
«Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր: Նա պատվով է բռնել ո'չ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը` մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին: Մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք աստվածաշնչյան խոսքը. „Սուր բարձրացնողը սրից կընկնի“: Այս բառերի անհերքելի ճշմարտացիությունն իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները` մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը: Թող ոչ ոք չկասկածի` հարկ եղած դեպքում նույնը կլինի նաեւ այսօր»,-ընդգծել է նա:
Իր խոսքի վերջում Ս. Սարգսյանը շնորհավորել է բոլորին Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի եւ Զինված ուժերի սպայակազմի նոր համալրման առթիվ:



























