Ադրբեջանում սկանդալ է հասունանում այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանատան եւ Ադրբեջանի ՊՆ-ի միջեւ:

Պատճառը ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հանդիպումից հետո պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն է:

Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ:

Հանդիպումից հետո ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում  մատնանշվել են գերատեսչության հաղորդագրության մեջ Ադրբեջանի նախագահի ընտրությունների վերաբերյալ  դեսպանի խոսքում  տեղ գտած անճշտությունները:

Ի պատասխան  պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ դեսպանի խոսքերը մեջբերվել են առանց խեղաթյուրման:  Նախարարությունն ընդգծում է, որ եթե դեսպանատունը շարունակի պնդել, իրենք կներկայացնեն Ռ. Մորնինգսթարի խոսքերի ձայնագրությունը: Նաեւ հավելում են, որ ոչ մի անճշտություն նյութում տեղ չի գտել:

Նշենք, որ դեսպանն ասել է հետեւյալը. «Ընտրություններն արդեն անցյալում են, եւ հաղթողը Իլհամ Ալիեւն է»: Նա նաեւ հավելել է, որ նախագահական ընտրությունների հետ կապված որոշ քննադատությունները չեն ազդում արդյունքի վրա: