Եթե կողմերից որեւէ մեկը չի ընդունում կոնֆլիկտի կարգավորման հայեցակարգը, ապա բանակցություններում սպասել առաջընթացի դառնում է չարդարացված լավատեսություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովում արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերին կայանալիք հանդիպմանը:

Նրա խոսքով՝ դժվար է ասել, ինչ արդյունք կտա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Ես դա չեմ պայմանավորում սահմանին տեղի ունեցող միջադեպերով, դրանք, ցավոք, միշտ են եղել ու կլինեն, քանի դեռ վերջնական հաշտություն չի կայացել: Պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած նոր գաղափարների պատճառով վերջին հանդիպումը գրեթե տապալվեց»,- նշել է Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, որ Կազանի հանդիպումից հետո դա արձանագրեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը մեկ քայլ հետ գնաց: Ի՞նչ փոխվեց Ադրբեջանի դիրքորոշման մեջ վերջին տարիներին: «Կարող են պնդել, որ ոչինչ էլ չի փոխվել, ուստի հույս ունենալ, որ Ադրբեջանը պատրաստ  է  շարունակել բանակցությունները Մինսկի համանախագահող երկրների առաջնորդների հնչեցրած հայտնի առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանն այդ սկզբունքները յուրովի է մեկնաբանել ու շարունակում է մեկնաբանել»,- նշել է Աթանեսյանը: Այս տեսակետից, նրա համոզմամբ, Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է միջազգային միջնորդների կողմից կոնֆլիկտի կարգավորման առաջ քաշած հայեցակարգերին:

Նա նաեւ ընդգծել է, որ բանակցությունները պետք է վերականգնվեն ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմամբ, այլ այն ձեւաչափով, որը նախապես սահմանել էր Մինսկի խումբը: «Այսինք բանակցությունների իրավահավասար հիմունքներով պետք է ներկա լինի նաեւ Ստեփանակերտը: Սա անհրաժեշտ է բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց ակնկալելու համար»,- եզրափակել է Վահրամ Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ նոյեմբերի 4-5-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի ու Ջեյմս Ուորլիքի հանդիպումներից հետո նախագահները հայտնեցին իրենց մտադրության մասին՝ հանդիպել 2013թ.-ի նոյեմբերին, որպեսզի ճշտեն կարգավորման դիրքորոշումներն ու քննարկեն դրանց առաջընթացի ուղիները: