Ամերիկյան Գուամ կղզու զինվորականներն ու գիտնականները որոշել են օձերին վերացնել գլխացավի դեղերով հագեցած մկների օգնությամբ: Սատկած կրծողներին ուղղաթիռից նետել են ջունգլի՝ նախորդ դարի 50-ականներին պատահաբար այնտեղ հայտնված եւ բնական թշնամիների բացակայության պատճառով արագ բազմացած սողուններից ազատվելու հույսով: Դրանք ոչնչացրել են թռչնատեսակների գրեթե կեսը, երեք տեսակ մողեսների եւ երկու տեսակ չղջիկների, որոնք վերացման սպառնալիքի տակ են:
Զինվորականներն ու գիտնականները մտադիր են բնաջնջել Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող արեւադարձային Գուամ կղզու օձերին: Ուղղաթիռներից ավելի քան 2 հազար սատկած մուկ է նետվել կղզի, որոնք ներծծված են շագանակագույն բոյգա (Boiga irregularis) օձերի համար մահացու թույնով: Ամեն կրծողի օրգանիզմում 80 մգ դեղամիջոց է ներարկվել: Դա անվնաս է մնացած կենդանիների համար, հայտնում են գիտնականները: Այդ օձերը յուրահատուկ են, քանի որ կարողանում են ցատկել՝ անցնելով 2,5 մետր, նաեւ ուղղահայաց վիճակում պահել մարմնի երկարության 80%-ը: Դրանց խայթոցը մեծերի համար անվնաս է, սակայն սպառնալիք է երեխաների համար: Կղզում այդ օձերի թիվը 2 միլիոնի է հասնում:
Բնական փոշոտողների՝ թռչունների եւ մողեսների, անհետացման հետեւանքով կղզու էկոհամակարգը սկսել է թուլանալ եւ նվազել: Իսկ միջատների, օրինակ՝ սարդերի բազմացումն արագացել է: Անտառային որսերից հետո օձերն անցել են ընտանի հավերին, ավելի ճիշտ՝ նրանց ձվերին: Այժմ Գուամը, որը նախկինում ստանում էր տարեկան 8 միլիոն ձու, ստիպված է ներկրել այն, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Գուամի լրատվական Kuam.com կայքը:
Թռչող օձերի պատճառով հատկապես տուժում է կղզու էներգետիկան: Օձերը բարձրանում են հեռագրասյուների վրա եւ դառնում էլեկտրաէներգիայի անջատման պատճառ: Օձերի պատճառով անընդհատ վթարներ են տեղի ունենում՝ երկու կամ երեք օրը մեկ: Ըստ իշխանությունների հաշվարկի՝ էլեկտրափոխանցման լարերի վթարների հետեւանքով կորուստները կազմում են տարեկան 1-4 միլիոն դոլար:
Սատկած մկները տարածել են կղզու այն հատվածում, որտեղ բնակավայր չկա եւ գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվում:





























