Արմավիրի մարզի բնակիչները բողոքում են տեղի վարչակազմի կողմից Մեծամոր քաղաքից ոչ հեռու գտնվող ծննդատունը փակելու որոշման դեմ: Բնակիչներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ Մեծամորի ճանապարհին, ատոմակայանից ոչ հեռու, հավաքվել է մոտ 200 մարդ, որոնք պահանջում են վերանայել այդ որոշումը:

Կնոջ խոսքով՝ բնակիչները դիմել են տեղի վարչակազմին եւ Առողջապահության նախարարություն, որտեղ նրանց միայն ասել են, որ ծննդատունը գտնվում է դժվար մատչելի վայրում, սակայն բնակիչների կարծիքով, իրենց համար շատ ավելի հեշտ է օգտվել այդ բժշկական հաստատության ծառայություններից, քան մեկնել Արմավիր քաղաք: Առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ բոլոր հարցերով պետք է դիմել տեղի վարչակազմին:

Նույն բանը NEWS.am-ին ասել է ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը՝ պատասխանի համար դիմեք մարզպետարան:

Բնակիչ կինը նաեւ նշել է, որ ծննդատան աշխատակազմը չի մասնակցում ակցիային, քանի որ նրանց բոլորին խոստացել են ապահովել աշխատանքով:

Մարզպետարանում էլ խոստացան հնարավորության դեպքում գրավոր պատասխանել գործակալության հարցմանը: