Բաքվում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիաներ են սկսվել բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացման դեմ: Վարորդները, ի նշան բողոքի, «Ձեռքդ ազդանշանին» անվանումով բոոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Սակագնային խորհրդի այդ որոշման:

Գների բարձրացման մասին կառավարության որոշումը բուռն բացասական արձագանք է առաջացրել բնակչության շրջանում: Փորձագետներն ու վերլուծաբանները կանխատեսում են նաեւ այլ ապրանքների ու ծառայությունների, այդ թվում տրանսպորտի ուղեվարձի եւ կոմունալ վճարների գների աճ:

Այսօր որոշ գծատերեր իրենց նախաձեռնությամբ բարձրացրել են Բաքվում ուղեւորատար ավտոբուսների ուղեվարձը:

Համացանցում երեկվանից ստորագրահավաք է սկսվել, որով դիմում են երկրի նախագահին՝ խնդրելով վերանայել Սակագնային խորհրդի որոշումը: Հանձնագիրը մեկ օրում ստորագրել է 20 հազար օգտատեր:

Բացի այդ, սոցիալական ցանցերում հանրահավաքի նախաձեռնություն է սկսվել: Կազմակերպիչները դեկտեմբերի 8-ին, ժամը 12-ին բոլորին հրավիրում են բողոքի հանրահավաքի: Նրանք չեն նշում իրենց անունները, բայց խոստանում են, որ հանրահավաքը կլինի վերջին տարիների ամենամասշտաբային միջոցառումը:

Իր հերթին, ոստիկանությունը նախազգուշացրել է, որ չարտոնված ակցիայի իրականացումը կանխվելու է: