Դիլիջանի «Best Western Paradise Hotel Dilijan» հյուրանոցի ղեկավարությունն արձագանքելն է նույն հյուրանոցում օրեր առաջ կազմակերպված սեմինարի ժամանակ Կրթության եւ գիտության նախարարության ԳԹԿ-ի կենտրոնի աշխատակիցների վարքին, նշելով, որ նրանք «դրսեւորել են ոչ պատշաճ վարք, որը հարիր չէ հասարակական վայրում»::
Հյուրանոցի ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Ցավում ենք, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կարկառուն ներկայացուցիչները կարող են իրենց թույլ տալ, այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, թվարկում ենք մի քանիսը` պահպանելով բարոյականության կանոնները` «нам до лампочки», «ինչ կուզենք կանենք», «դու իմ ծառան ես, պետքա ինձ ծառայես», «ստեղ բոլորիդ կչոքացնենք», «ստեղ սաղդ թուրք եք», «որտեղ ինչ ուզել արել ենք, ստեղ էլ կանենք» եւ բազմաթիվ այլ անվայել արտահայտություններ:
Հյուրանոցի աշխատակազմը հաշվի առնելով, որ սեմինարի բոլոր մասնակիցները գտվնել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, մասնավորապես տնական թթի, հոնի եւ ծիրանի օղու (որը, ի դեպ, արգելվել է օգտագործել հյուրանոցի հասարակական տարածքներում, եւ հետեւաբար մասնակիցների կողմից օգտագործվել է ծածուկ` սեղանի տակից), մեծ ջանքեր գործադրեցին հանդարտեցնելու իրավիճակը, որպեսզի գինովցած գիտնականների տաքացած գլուխները մի փոքր սառչեն: Բայց, ցավոք, ավելի ցածր խոսելու, խմբով չբղավելու, հերթով խոսելու, տրված հարցերի պատասխանները լսելու բոլոր խնդրանքներին հաջորդում էին ահաբեկությունները, վիրավորանքները եւ անիմաստ բղավոցները:
Ինչ վերաբերվում է հայկական երաժշտությանը, ցավում ենք, որ մեր ՀՀ Կրթության եւ Գիտության ոլորտի աշխատակիցները, ովքեր հյուրանոցի համար համարվում էին հյուրեր, առանց որեւէ տարբերակման, չկարողացան գնահատել մեծն Արամ Խաչատրյանին՝ փոխարենը պահանջելով ծեծված եւ միջազգային հյուրանոցում անցանկալի ռաբիսը:
Որպես մեջբերում նշենք, որ տգիտություն է ջազ ակումբում պահանջել Ռաբիս երաժշտություն եւ բողոքել, որ անձնակազմը չի ընդառաջել Ձեր պահանջին:
«Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցը ներողություն է խնդրում, բոլոր այն հյուրերից, որոնց հանգիստը խաթարվեց ԳԹԿ-ի ստեղծած տգեղ միջադեպի պատճառով եւ պաշտոնապես հայտատարում է, որ հյուրանոցի աշխատելաոճի մեջ չեն նկատվելու փոփոխություններ, եւ մենք շարունակելու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկում ապահովել մեր սիրելի հյուրերի համար:
Տեղեկացնենք նաեւ, որ անհրաժեշտության դեպքում հյուրանոցի ղեկավարությունը կարող է տրամադրել համապատասխան լուսանկարներ եւ տեսանյութ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կրթության եւ գիտության նախարարության ԳԹԿ-ի կենտրոնի մոտ 50 աշխատակիցները, ովքեր Դիլիջանի «Best Western Paradise Hotel Dilijan»-ում սեմինար քննարկում են կազմակերպել, դժգոհ մնալով սպասարկումից, ժամանակից շուտ լքել են հյուրանոցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ-ի գլխավոր մասնագետ Անահիտ Մարտիրոսյանը:





























