ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` աջակցել Հայաստանի դպրոցներում կիրառվող «Շախմատ» առարկայի ձեռնարկներն ու ծրագրերը  փորձնական նպատակով Սլովակիայում ներդնելուն: Այս մասին Աշոտյանը նշել է այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Սլովակիայի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հ. Սեյրանյանը:

Դուշան Չապլովիչը, ողջունելով հայկական պատվիրակությանը, հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության բնագավառների զարգացմանը: Նախարարն իր խոսքում նշել է նաեւ, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան` քաջ ծանոթ է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը եւ հատկապես այն ողբերգական իրադարձություններին, որոնք պատուհասել են հայ ժողովրդին անցյալ դարի սկզբին:

Նախարար Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ  Սլովակիայի Հանրապետությունն այն երկրներից է, որի Ազգային ժողովը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը,  հայ ժողովրդի անունից երախտիքի խոսք է հղել սլովակ ժողովրդին՝ պատմական արդարությանը սատար կանգնելու եւ իր վերաբերմունքն արտահայտելու համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով երկկողմ կրթական համագործակցության ընդլայնմանը, կարեւորել է համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառներում: Նշվել է բուհական կրթության ոլորտում ուսանողների կրթաթոշակային փոխանակումների, դասախոսական անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի իրականացման եւ միջբուհական կապերի զարգացման մասին: Կողմերը նշել են, որ գիտության բնագավառում համագործակցության համար հեռանկարային են համատեղ ֆինանսավորմամբ գիտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ  ԵՄ շրջանակում գիտական ներուժի  արդյունավետ օգտագործումը: Անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձման շրջանակում կատարված աշխատանքներին` այս համատեքստում կարեւորելով հատկապես փորձի փոխանակումը: Սլովակիայի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Դուշան Չապլովիչն ընդգծել է, որ իբրեւ Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր` Սլովակիան եւս քվեարկել է  Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու օգտին եւ այժմ օգտակար է համարում կուտակված փորձի արդյունավետ փոխանակումը եվրոպական կրթության տարածքի զարգացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հանրակրթության եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցերը. սլովակյան կողմը հետաքրքրվել է հատկապես Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ»  առարկայի ներդրման ծրագրով:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել նախապատրաստել հուշագիր` կրթության  եւ  գիտության ոլորտում  համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ, որտեղ  կներառվեն հանդիպման ժամանակ քննարկված բոլոր հարցերը: Սլովակյան կողմն առաջարկել է նախաձեռնություն ցուցաբերել՝ ներգրավելու հայկական բուհերը Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:   Նախարար Ա. Աշոտյանն իր սլովակ գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր: